ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում շուտով պատրաստ կլինեն հայոց լեզվի ու գրականության դասագրքերը

Վրաստանում շուտով պատրաստ կլինեն հայոց լեզվի ու գրականության դասագրքերը

Հայոց լեզվի և գրականության նոր դասագրքերը, որոնք կհրատարակվեն Վրաստանում, ըստ նախագծի նախնական տվյալների պետք է ներդրվեին ուսումնական ծրագրի մեջ` 2018-2019 ուսումնական տարում, սակայն դասագրքերը դեռ նոր պետք է տպվեն, տեղեկացնում է jnews.ge-ն:

Հայոց լեզվի և գրականության դասագրքերի խնդիրն արդիական է արդեն մի քանի տարի, երբ դասագրքերը անցկացնել սահմանով դարձավ անհնար: Ներկայում Ջավախքի դպրոցների հայոց լեզվի և գրականության դասագրքերն արդեն մաշված են ու հնացած: Երկար տարիներ, Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքերի խնդիրը։ Ըստ նոր նախագծի փոքրամասնությունների համար նախատեսված գրքերը պետք է տպվեն Վրաստանում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեր հարցին՝ թե ե՞րբ պատրաստ կլինեն դասագրքերը պատասխանեցին՝
“Թեմաները պատրաստ են, և մի քանի օրից կհայտարարվի տենդեր-մրցույթ տպագրման համար։ Գրքերը պատրաստ կլինեն և կհանձնվեն դպրոցներին”, – ասացին նախարարությունից։

Գրքերի նախնական տվյալները ստուգվել են, եղել են հետ ուղղարկման գործընթացներ, այդ իսկ պատճառով էլ տպագրման աշխատանքները հետաձգվել են։ Տենդեր-մրցույթ կհայտարարվի ոչ միայն հայոց լեզվի և գրականության, այլ բոլոր ոչ վրացալեզու դասագրքերի տպագրման համար։

  • Կիսվել: