երեքշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2020
Վլադիմիր և Սաթի Սպիվակովները միացել են Արցախի համար հանգանակությանը

Վլադիմիր և Սաթի Սպիվակովները միացել են Արցախի համար հանգանակությանը

Հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և նրա տիկինը՝ Սաթի Սպիվակովան, միացել են Արցախի երեխաների համար դրամահավաքին: Երաժիշտն իր համերգի հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին: 

Սաթի Սպիվակովան դրամահավաքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Չնայած խաղաղության բոլոր կոչերին՝ պատերազմը շարունակվում է: Դիվանագիտության ձայնը խեղդվում է արկերի պայթյունից: Ճշմարտությունը խեղդվում է արյան մեջ: Ես կտրականապես դեմ եմ հրահրմանը եւ սադրանքին ու կարծում եմ, որ արվեստագետները պետք է միայն խաղաղության կոչ անեն: Նաեւ կարծում եմ, որ անպատեհ է ի ցույց դնել սեփական բարի գործերը, հիմա ինքնագովազդի ժամանակը չէ: Բայց այսօր ես մի փոքր ավելին օգնելու հնարավորություն ունեմ»:

Սաթի Սպիվակովան նաև տեղեկացրել է, որ իր մասնակցությամբ աճուրդից հանգանակված միջոցներն ուղղվելու են «Աշխարհի դպրոցներին»՝ Արցախում տուժածներին օգնելու համար:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից՝ ԼՂ-ում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր, աշխարհի տարբեր երկրներում հայ ու ոչ հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղության կոչեր են հնչեցնում, բարեգործական համերգներ կազմակերպում և ողջ հասույթն ուղղում Արցախի համար կարիքներին:

Դրամահավաք է անում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հանգանակությունն անցել է 135 միլիոն դոլարը: 

  • Կիսվել: