ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Վեճ ու ծեծկռտուք՝ «Շահումյան» գերեզմանոցի հարևանությամբ գտնվող զորամասի մոտ. կա վիրավոր, կասկածյալները որոնվում են

Վեճ ու ծեծկռտուք՝ «Շահումյան» գերեզմանոցի հարևանությամբ գտնվող զորամասի մոտ. կա վիրավոր, կասկածյալները որոնվում են

Հունիսի 21-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նույն օրը ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ 35-40 տարեկան տղամարդ կա ընկած գետնին, ում կամ ծեծի են ենթարկել կամ ավտոմեքենայի տակ գցել:

Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Սուրեն Թ․-ն:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սիլիկյան հին խճուղու մոտ ոմն Գագիկը գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սուրեն Թ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սուրեն Թ․-ին մարմնական վնասվածքներ են հասցրել Երևանի բնակիչներ 39-ամյա Գագիկ Հ․-ն և 38-ամյա Տիգրան Գ․-ն:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկ Հ․-ին և Տիգրան Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: