երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերբալ մանիպուլյատորը. Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ. Fip

Վերբալ մանիպուլյատորը. Ալեքսանյանի 3 մանիպուլյացիաները՝ Հայկ Մարությանի մասին 1 գրառման մեջ. Fip

Ազգային ժողովի «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը փետրվարի 17-ին Ֆեյսբուքում գրառում է կատարել, որով անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա եզրափակիչ ելույթին՝ իրեն անվստահության հայտնելու օրը։

Ալեքսանյանը հիշեցրել է, որ Մարությանը խոսել է կառավարության անդամների բարձր վարձատրության մասին՝ դրանք որակելով որպես շեղում 2018-ի հեղափոխական արժեքներից։

«Օրեր առաջ ձերբակալվեց Հայկ Մարությանի մտերիմը հանդիսացող Արմեն Գրիգորյանը, ով Մարությանի հրամանով նշանակվել էր «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն։ Ձերբակալվեց 17 միլիոն դրամի չարաշահման համար։ Մարությանի մտերիմը մեղքն ընդունեց ու վնասը վերականգնեց։

Հիշեցնեմ, որ այս մարդը ամսական ստանում էր 1․5 միլիոն դրամ միջինացված աշխատավարձ: Նաև հիշեցնեմ, որ այս մարդը իր պաշտոնում էր նշանակվել միայն Հայկ Մարությանի մտերիմը լինելու բերումով»,- գրել է պատգամավոր Ալեքսանյանը։

Պատգամավորի գրառումը տարածվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում, «Ռադիո Ավրորայի» կայքում, Araratnews.amIravaban.net և այլ կայքերում, ինչպես նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ալեքսանյանի գրառման մեջ առկա պնդումները և դրանցում հայտնաբերել մի քանի փաստական սխալ և մանիպուլյացիա:

Մասնավորապես՝

1․ Վահագն Ալեքսանյանը նշում է, որ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման (ԵԱՍՄ) հիմնարկի տնօրենին օրեր առաջ ձերբակալել են 17 միլիոն դրամի չարաշահման համար։ Մինչդեռ, այդ ձերբակալության համար հիմք են հանդիսացել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս 2021-ի հոկտեմբերին իրավապահներին ուղարկած տվյալները։ Ընդ որում, քրեական գործը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, հարուցվել է նոյեմբերի 4-ին, երբ Մարությանը դեռ քաղաքապետ էր։ Չնայած, որ Ալեքսանյանը գրառման մեջ երկու անգամ շեշտել է Արմեն Գրիգորյանի՝ Մարությանի մտերիմը լինելու հանգամանքը, սակայն հատկանշական է, որ Գրիգորյանի դեմ իրավական գործընթացը սկսվել է հենց Մարությանի դիմումի համաձայն։ 

2․ Ալեքսանյանը շեշտում է, որ չարաշահումների համար մեղադրվող ԵԱՍՄ տնօրեն Արմեն Գրիգորյանը ստանում էր 1․5 մլն դրամ միջինացված աշխատավարձ։ Ըստ ԵԱՍՄ հաստիքացուցակի՝ այդ հիմնարկի տնօրենի ամսական դրույքաչափը կազմում է 850 հազար դրամ՝ հարկերը ներառյալ, կամ շուրջ 605 հազար՝ հարկերը հանած։

«Ինֆոքոմին» քաղաքապետարանից տված տեղեկության համաձայն՝ ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի՝ յուրաքանչյուր ամիս ստացած աշխատավարձի և պարգևավճարի հանրագումարի հարկված եկամուտը կազմել է շուրջ 970 հազար դրամ, ինչը Վահագն Ալեքսանյանի ներկայացրած թվից պակաս է շուրջ 530 հազարով։ Եթե նույնիսկ դիտարկենք, թե Ալեքսանյանը նկատի է ունեցել ոչ թե հարկված, այլ հարկերը ներառված աշխատավարձը, ապա չհարկված աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 350 հազար դրամ։ 

3․ Վահագն Ալեքսանյանն իր գրառման մեջ խոսում է նախկին քաղաքապետի՝ հայտնի ելույթում հեղափոխական արժեքները հիշատակելու մասին՝ հիշեցնելով, թե նա «մեծ շեշտ դրեց նախարարների աշխատավարձի վրա, դրանք որակելով հեղափոխական արժեքների ուրացում»։ Մինչդեռ, իր ելույթում խոսելով պետական համակարգում բարձր աշխատավարձերի անընդունելիության մասին՝ Հայկ Մարությանն ընդգծել էր, որ խոսքը վերաբերում է հեղափոխական թիմին։

«Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին»,- քաղաքապետի պաշտոնում իր վերջին ելույթում ասել էր Հայկ Մարությանը։

Այսպիսով, որոշակի տարածում ստացած իր ֆեյսբուքյան գրառման մեջ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը թույլ է տվել փաստական հանգամանքների խեղաթյուրումներ և մանիպուլյացիաներ։

  • Կիսվել: