Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը և Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կմնան մինչև աշխատանքային շաբաթվա ավարտը։ Այս մասին X հարթակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական գործերի վարչությունը։
«Հաշվի առնելով անվտանգային իրավիճակը և Իսրայելի թիկունքի հրամանատարության ուղեցույցին համապատասխան՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի վաղվանից (չորեքշաբթի, հունիսի 18) մինչև ուրբաթ (հունիսի 20-ը)», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելում է, որ փակումը վերաբերում է նաև Թել Ավիվի հյուպատոսական գրասենյակին։
Այս շաբաթ Իսրայել ուղևորություններ պլանավորող ամերիկացիների համար «չճանապարհորդել» նախազգուշացման ֆոնին նախարարությունը հայտարարել է, որ «այս պահին ԱՄՆ մասնավոր քաղաքացիներին մեկնելու հարցում օգնություն ցուցաբերելու մասին հայտարարություն չունեն»:
«Մենք կտեղեկացնենք ԱՄՆ քաղաքացիներին մեկնման տարբերակների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն լինելու դեպքում»,- նշվել է հայտարարության մեջ։
Երկրի գլխավոր «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանը փակ է օդային փոխադարձ հարձակումների պատճառով։
Լույս հունիսի 13-ի գիշերն Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն, ըստ իսրայելական կողմի, մոտեցել է «անդառնալի կետի»։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարվածների թիրախները դարձել են միջուկային օբյեկտները, գեներալական կազմը, նշանավոր միջուկագետ ֆիզիկոսները, ավիաբազաները, ՀՕՊ համակարգերը և «երկիր-երկիր» հրթիռները։ Հարվածների տակ են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Իրանը հունիսի 16-ին հայտնել է 224 զոհի մասին։
Իրանը, որը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մտադրությունը, պատասխան հարվածներ է հասցրել հրթիռներով և անօդաչուներով։ Թեհրանը հարվածների թիրախ է նշում Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։