ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Վերապատրաստում՝ «Հեղեղման և աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով

Վերապատրաստում՝ «Հեղեղման և աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով

Հունիսի 16-ից 18-ը ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների ծառայողները մասնակցեցին «Հեղեղման և աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի կողմից։

Դասընթացը կենտրոնացած էր հեղեղումների և աղետալի ջրածածկման պայմաններում աշխատանքների ճիշտ պլանավորման, համակարգման և իրականացման վրա:

Եռօրյա վերապատրաստման ծրագրի շրջանակում մասնակիցները տեսական և գործնական փուլերով վերանայեցին հեղեղման և աղետալի ջրածածկման պատճառներն ու դրանց առաջացման բնույթը, ինչպես նաև գնահատեցին դրանց հնարավոր հետևանքները բնական ու կառուցվածքային միջավայրի վրա։ Հատուկ ուշադրություն դարձվեց գետերի վարարման գործընթացին և դրա ազդեցությանը ափամերձ բնակավայրերի, ենթակառուցվածքների և ինժեներական շինությունների վրա:

Դասընթացի կարևոր բաղադրիչներից էր ջրում հայտնված անձանց փրկության և անվտանգ տարածքներ տեղափոխման կազմակերպումը, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերումը տուժածներին՝ ջրհեղեղի ժամանակ։ Տեսական մակարդակով քննարկվեցին նաև շենքերի վերին հարկերից և տանիքներից մարդկանց փրկումը և գործնական կիրառման հնարավոր մեթոդները:

Ուշադրության կենտրոնում էին նաև աղետալի ջրածածկման պայմաններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, ռիսկերի գնահատումը, ներգրավված ուժերի համակարգումը։

Գործնական փուլի շրջանակում իրականացվեցին թիմային աշխատանքներ՝ որոնողափրկարարական խմբերի կազմման, տարածքի զննման, տուժածների հայտնաբերման և տարհանման գործողությունների վերաբերյալ, որոնք հնարավորություն տվեցին ստուգել և զարգացնել մասնակիցների արագ կողմնորոշման, թիմային աշխատանք կազմակերպելու և որոշումներ կայացնելու կարողությունները՝ իրական արտակարգ իրավիճակների պայմաններին մոտեցված մոդելավորմամբ։

Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին համապատասխան վկայականներ՝ վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու և ոլորտում մասնագիտական կարողությունների խորացման համար։

  • Կիսվել: