երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերապատրաստման դասընթաց ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում

Վերապատրաստման դասընթաց ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում

Դեկտեմբերի 20-ին ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կազմակերպվել և անց է կացվել ահազանգերի սպասարկման արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթաց։

Դասընթացին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների ՕՀՀ կրտսեր հրահանգիչները և համակարգչային օպերատորները։

Վերապատրաստումն անց էին կացնում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական աջակցության բաժնի պատասխանատու ոլորտների սպաները։

Դասընթացի նպատակն էր ահազանգման առաջնային օղակում ծառայող, ահազանգեր սպասարկող անձնակազմի մասնագիտական ունակությունների բարելավումը, նոր կարողությունների ձևավորումը, գիտելիքների ձեռքբերումը և կատարելագործումը։

Վերապատրաստման մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, նշելով, որ դասընթացը կօգնի բարձրացնել ահազանգեր սպասարկող մասնագետների պատրաստավածությունը և աշխատանքի արդյունավետությունը, որպեսզի վերջիններս առավել պատրաստված լինեն և արագ կողմնորոշվեն քաղաքացիներին սպասարկելիս։

Տնօրենի տեղակալը շեշտեց հատկապես հոգեբանական բաղադրիչի և սթրեսակայունության կարևորությունը, որն առաջնային նախապայման է օգնություն ակնկալող քաղաքացուն սպասարկելու հարցում, քանի որ շատ հաճախ հենց ահազանգ սպասարկող անձից է կախված անհրաժեշտ օգնության ճիշտ և ժամանակին կազմակերպումն ու մարդկանց կյանքի փրկությունը։

Վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ահազանգերի սպասարկման միջազգային փորձը, ահազանգման կենտրոնի փաստաթղթային փաթեթների հետ աշխատանքի առանձնահատկությունները, ահազանգողներին հեռախոսի միջոցով առաջին օգնություն տրամադրելու հրահանգները և մեթոդիկան։

Ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացվեցին հարցեր, որոնց տրվեցին մասնագիտական պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

Դասընթացի հաջորդ փուլում անձնակազմը հոգեբանական աջակցության մասնագետների օգնությամբ ծանոթացավ ինքնակարգավորման հմտությունների կիրառման տեխնիկաներին, միաժամանակ մասնակիցների հետ իրականացվեցին վերականգնողական աշխատանքներ։

  • Կիսվել: