երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարորդն Opel-ով Պռոշյան գյուղի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, տապալել գազատար խողովակի հենասյունը և կողաշրջվել

Վարորդն Opel-ով Պռոշյան գյուղի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, տապալել գազատար խողովակի հենասյունը և կողաշրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 16:20-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվելով քարերին, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:   Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և նրա եղբայրը, ով եղել է ավտոմեքենայում, հրաժարվել են բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ չեն տուժել վթարից:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Աջափնյակի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում կարճ ժամանակում կոտրված հենասյունը վերանորոգելու ուղղությամբ: 

  • Կիսվել: