«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։
Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։
Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ,-ասված է հաղորդագրության մեջ։



