Վարչապետը կոչ անում այդքան հանգիստ չվերաբերվել ստեղծված իրավիճակին
Այսօր առավոտվա դրությամբ ունենք կորոնավիրուսով հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել. օրինակ կարանտինում կամ եղել են ի սկզբանե հաստատված պացիենտների հետ շփման գոտում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ կան նաև նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային. «Դրանց շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները, որոնք մինչև հիմա արել ենք»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ մեկ օրվա տվյալներով, իհարկե, չի կարելի հետևություն անել, բայց մենք տեմպի որոշակի աճի վտանգի առաջ ենք կանգնած՝ չնայած նախորդ օրը ունեինք տեմպի նվազում:
«Մենք իհարկե, թեստավորման քանակները մեծացնում ենք, եւ դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել: Կարող ենք ասել, որ դեռեւս մեր իրավիճակը վերահսկելիության շրջանակներում է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս իրավիճակում կա երկու ծայրահեղություն՝ մեկը խուճապն է, որը անթույլատրելի է և դրա կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է համաճարակի տարածման հետ կապված:
«Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել: Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված իրավիճակի: Երկրում տիրում է համատարած հանգստություն: Իհարկե դա լավ է զուտ հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետեւ հենց այս հանգստությունն է ստեղծում վտանգ, որ վարակի տեմպը կարող է ավելանա»,- նշեց նա։
Վարչապետը կոչ արեց բոլորին այդքան հանգիստ չվերաբերվել ստեղծված իրավիճակին. «Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին: Տեսեք, այսօր պացիենտների 80 տոկոսն անգամ ջերմություն չունի, եւ եթե դա լիներ նախկինում մեզ հայտնի վարակ, օրինակ, գրիպ լիներ, մենք մեր այսօրվա հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք եւ վերջ: Հիմա էլ մեր հիվանդների 80 տոկոսին չենք բուժում, բայց պահում ենք, որովհետեւ եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»:


