հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում՝ ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյան

Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում՝ ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյան

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը կշարունակեն աշխատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը:

Գևորգ Թամամյանն այսօր հանդիպել է բժիշկների հետ՝ հայտարարելով, թե սա իրենց հաղթանակն է: «Այս օրերին եղան մեզ ուղղված մեղադրանքներ՝ հիվանդների առողջության մասին, բայց դրա պատասխանը հենց հիվանդները տվեցին՝ չեղավ գեթ մեկ հիվանդ կամ հիվանդի ծնող, որ չհասկանա մեր քայլը: Իրենք շատ լավ գիտեն այս թիմն ամեն հիվանդի համար ինչերի է պատրաստ և ինչեր է անում»,-հայտարարել է Թամամյանը, գրում է tert.am-ը։

 

Անդրադառնալով վարչապետի գրառմանը՝ նա նախ շնորհակալություն է հայտնել գիտակից որոշման համար, ապա, խոսելով վարչապետի այն մտքից, թե բուժաշխատողների նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ՝ առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները, Թամամյանն ասել է.

«Սիրով, առանց որևէ հետին մտքի, հրավիրում եմ մեր երկրի վարչապետին այցելել այս կենտրոն, ծանոթանալ կատարվող աշխատանքին, որն արվում է անձայն, առանց որևէ աղմուկի, բարձրաձայնելու և արվել է տասնամյակներ շարունակ: Բուժաշխատողներից ամեն մեկի հետևում փրկված կյանքեր են: Շատ կուզեմ՝ վարչապետն այս ամեն մասին տեղեկանա, որովհետև ես լիովին համոզված եմ, որ իրեն թյուր և սխալ տեղեկություններ են հաղորդում այս ամենի մասին»:

  • Կիսվել: