ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»

Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև նախնական համաձայնեցվել են Տավուշում սահմանագծի առանձին հատվածները, այսօր հայտարարեցին ՀՀ ԱԳՆ-ն ու ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Ներկայացվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով տարածված համատեղ մամլո հաղորդագրությունը։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հավաստիացնում են, թե գործընթացի արդյունքում հայաստանյան «ոչ մի գյուղ չի զրկվելու ճանապարհից»:

«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը: Նկատի ունենք՝ Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»,- ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հարցին՝ իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենում, կրկին բացասական են պատասխանել,

«Այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»:

Սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին: Ինչպե՞ս է ապահովվելու այդ գյուղերի անվտանգությունը հարցին ի պատասխան՝ նշվել է․

«Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին, և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց եւ Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան»:

  • Կիսվել: