ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղվանից դպրոց, մանկապարտեղ նորմալ գործելու են. Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում վիճակը հանգիստ է

Վաղվանից դպրոց, մանկապարտեղ նորմալ գործելու են. Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում վիճակը հանգիստ է

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը հանգիստ է, նախօրեին եւ այսօր ընդհանրապես կրակոցներ չեն հնչել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը:

«Վաղվանից դպրոց, մանկապարտեղ նորմալ գործելու են: Սահմանամերձ գյուղերից ընդհանուր առմամբ տարհանումչի եղել, միայն ովքեր որ ցանկացել են, հանել են տարեցներին եւ երեխաներին»,- ասաց նա:

Ավետյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերում սոցիալական վիճակն է վատացել, քանի որ ադրբեջանցիների ներխուժման հետեւանքով գյուղացիները գրեթե չեն կարողանում  զբաղվել անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ:
«Ճիշտ է՝ կրակոցներն էլ են շատացել, բաց մարդիկ ապրելու միջոց էլ չունեն, չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ եւ արտահոսք նկատում ենք: Արոտավայրեր գրեթե չկան, դրանք կամ ադրբեջանցիների հսկողության տակ են անցել,կամ նրանց դիրքերին շատ մոտ են, այդ իսկ պատճառով մեզ մոտ անասնապահությունը կտրուկ կրճատվել է: Հողաործությունն էլ  վտանգավոր է դարձել, մեկ էլ ոսկու հանքն էր, որը գիտենք արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում»,- ասաց նա:

Ավետյանի խոսքով՝ ադրբեջանցիները նոր նկրտումներ ունեն, դա նույնիսկ չեն թաքցնում. «Մեր զինվորը լավ հակահարված տվեց, գոնե էլ տարածքային կորուստներ չունենանք, այս եղածը կարողանանք պահել: Այս վերջին սադրանքին իրենք ուժեղ հակահարված ստացան եւ ինձ թվում է, որ դա մի քիչ  նրանց զսպելու պատճառ կհանդիսանա»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմն այդ օրն ունեցավ 4 վիրավոր:

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է Սոթքի ուղղությամբ հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: 

Ժամը 16:50-ից մինչեւ 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի եւ Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաեւ հրետանի եւ ականանետեր։ Հայկական կողմ ունի եւս երկու վիրավոր եւ մեկ զոհ։

  • Կիսվել: