չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ունենք օտար լեզուների ուսուցման որակի հետ կապված խնդիրներ. Ժաննա Անդրեասյան

Ունենք օտար լեզուների ուսուցման որակի հետ կապված խնդիրներ. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսեց ուսուցիչների ատեստավորման գործընթացի և վերջին արդյունքների մասին:

«Մեզ էլ են մտահոգում այն արդյունքները, որ կան, օրինակ, ֆրանսերենի մասով: Նախնական տվյալներով՝ չունենք ուսուցիչ, որ հաղթահարել է ատեստավորման անցողիկ շեմը, այսինքն՝ 60 տոկոս և ավելին հավաքել: Ուսուցիչները նաև ինձ են դիմում, պլանավորում ենք, որ առանձին հանդիպում կունենանք ֆրանսերենի ուսուցիչների ներգրավվածությամբ, որ իրենց մոտ որևէ հարց չմնա՝ կապված գործընթացի հետ:

Օտար լեզուների մասով առաջին անգամ էինք գործընթաց իրականացնում, սա առաջին փորձն է ատեստավորման, որի արդյունքները հաշվի կառնենք: Բայց որ ունենք օտար լեզուների ուսուցման որակի հետ կապված խնդիրներ՝ սա էլ ակնհայտ է»,- ասաց Անդրեասյանը:

Նա նշեց, որ թեստերը եղել են առարկայական ծրագրի շրջանակներում, առավելագույնը B2 մակարդակի բարդության:

«Մասնագետների հավաստմամբ՝ սա մի մակարդակ է, որը պետք է ապահովեն մեր շրջանավարտները դպրոցում»,- ասաց Անդրեասյանը:

Նշենք, որ ըստ նախնական տվյալների՝ «Օտար լեզուներ» առարկաների կամավոր ատեստավորման արդյունքները հետևյալն են. ֆրանսերեն՝ 51 մասնակից, բացակա՝ 18, դրական շեմը ոչ ոք չի հաղթահարել, գերմաներեն՝ 40 մասնակից, բացակա՝ 8, դրական շեմը չեն հաղթահարել 9-ը, անգլերեն՝ 366 մասնակից, բացակա՝ 143, դրական շեմը չեն հաղթահարել 18-ը:

Այս պահին բողոքարկման գործընթացն է:

  • Կիսվել: