երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են. Ժաննա Անդրեասյան

Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Կարևորելով Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ընդգծել՝ այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան:

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են, և որակական փոփոխությունների հնարավոր կլինի հասնել հանրային վարքագծի և վարվելակերպի վերանայման շնորհիվ: Կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդությունը կարծրատիպերը հաղթահարելու ամենակարևոր ուղղություններից են: Իրականացվող աշխատանքով կարող ենք կա՛մ վերարտադրել եղած կարծրատիպերը, կա՛մ հետևողական փոխել դրանք»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից նախարարը կարևորել է հատկապես հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումները, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրումը, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, անցել է առանձին փորձաքննություն՝ միջազգային փորձագետների աջակցությամբ, որպեսզի ապահովվի գենդերային զգայունության առկայությունը բովանդակային փաստաթղթերում և առարկայական ծրագրերում: Վերջինիս պրակտիկ իրագործման առումով ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ուսուցիչների վերապատրաստումները:

«Գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը ներառել ենք ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրերում, քանի որ իսկապես խնդիր ունենք այս առումով: Ամեն դեպքում, սա առաջին հերթին մեր մտածելակերպի և մոտեցումների փոփոխության խնդիր է, որն ամենևին հեշտ չէ: Նոր չափորոշչով դասագրքերի ստեղծման մրցույթներ ենք հայտարարում, որոնք պետք է այս տեսանկյունից հավասարակշռված լինեն, բայց երբեմն մրցույթի են ներկայացվում դասագրքեր, որոնցում 60-70 տեքստ կա, և բոլորը տղաների մասին են: Մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ պրակտիկան փոխվի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ կանանց տնտեսական զորեղացման և ներգրավվածության մեծացման ծրագրերին, ԿԳՄՍ նախարարը նշել է՝ մասնագիտական կրթություն ստացած կանանց զգալի մասը չի աշխատում, որի պատճառներից մեկը երեխայի խնամքի հնարավորությունների բացակայությունն է: Այս համատեքստում նա ընդգծել է Կառավարության 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի մասին, որով նախատեսվում է ՀՀ բոլոր բնակավայրերում ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն, որը կնպաստի կանանց աշխատելու հնարավորությունների մեծացմանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պետությունն այս քաղաքականությունը խրախուսում է նաև նախադպրոցական կրթության ոլորտում լրացուցիչ ֆինանսավորման ծրագրերով, որտեղ առանձին ֆինանսավորում է նախատեսվում սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող և սոցիալական այլ խմբերի երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար:

Պանելային քննարկման բանախոսները կարևորել են նաև կանանց՝ սեփական ուժերի հանդեպ վստահության ամրապնդման անհրաժեշտությունը: Անդրադառնալով կարծրատիպերին և առկա մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է հատկապես սպորտի ոլորտը: Ըստ համաշխարհային վիճակագրության՝ կանայք 4 անգամ պակաս են զբաղվում սպորտով, քան տղամարդիկ: Սա, ըստ նախարարի, մեծամասամբ ոչ թե ֆիզիկական կարողությունների կամ հետաքրքրությունների բացակայության հետ է կապված, այլ հանրության շրջանում կարծրատիպային մտածելակերպի:

«Աղջիկների՝ էլ ավելի ակտիվ սպորտով զբաղվելու խրախուսման փուլում ենք, բայց արդեն իսկ տարատեսակ ծրագրերի միջոցով տեսանելի է դրական ազդեցությունը: Տարբեր մրցաշարերին մասնակցությունը, թիմային ոգին և մրցակցությունն աղջիկների մոտ կարող են զարգացնել հենց սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու հավատը: Սպորտում կանանց ներգրավվածությունն ու ֆիզիկական ակտիվությունը, իհարկե, նաև հանրային առողջության խնդիր են, բայց կարծում եմ՝ սա նաև հանրային կարծրատիպերի հաղթահարման ամենակարևոր օղակներից է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կանանց ներգրավվածության բարձրացման հարցը նախարարը կարևորել է նաև ԲՏՃՄ ուղղություններով ուսուցման տեսանկյունից:  «Իհարկե, տարիների ընթացքում որոշակի դրական դինամիկա ունենք, բայց կրթության ոլորտում աղջիկների ցածր ներգրավվածության ամենամեծ մասնաբաժինը ԲՏՃՄ ուղղություններով է: Սա մեր առանձին քաղաքականության թիրախ է: Ընդ որում՝ կարծրատիպերը սկսվում են դպրոցներից, երբ աղջիկների ուսուցումը որոշակի առարկաների գծով բավականաչափ չի խրախուսվում»:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 250 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիբանանից, Քուվեյթից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից: «Առաքելություն Հայաստան 2024»-ի առաջնահերթ նպատակն է համախմբել հայ կանանց՝ կենտրոնանալով Հայաստանի վրա։ Այս առաքելությունը նպատակ ունի ներգրավել տարբեր ոլորտներում դրական փոփոխություններ բերող կազմակերպություններին, որոնց գործունեությունը առնչվում է կանանց կրթությանը, առողջապահությանը, սոցիալական բարեկեցությանը, իրավունքներին, ինչպես նաև կանանց դերին բիզնեսում, տեխնոլոգիաների և ձեռներեցության մեջ: AIWA-ի նախաձեռնությունները ներառում են կրթաթոշակային ու կանանց ձեռներեցության ծրագրեր և աջակցություն կանանց կողմից ղեկավարվող նախագծերին:

  • Կիսվել: