կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Որևէ մեկն իր քմահաճույքով տեխնիկական բնութագիր չի կազմում. Ժաննա Անդրեասյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Որևէ մեկն իր քմահաճույքով տեխնիկական բնութագիր չի կազմում. Ժաննա Անդրեասյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Որևէ մեկը չի նստում և իր քմահաճույքով տեխնիկական բնութագրեր կազմում, կա առարկայական բնութագիր, որից ելնելով պարզ է դառնում, թե դասապրոցեսում որտե՞ղ և ինչպե՞ս պետք է օգտագործվեն համակարգչային սարքավորումները, և ի՞նչ սարքավորումների կարիք կա: Այս մասին այսօր ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ո՞ր կառույցն է դպրոցներին տրամադրվող համակարգիչների համար պատվեր գրում:

Նախարարի խոսքով, առարկայական բնութագրերը ստուգման են ուղարկվում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն, որտեղ դիտարկվում են տեխնիկական բնութագրերը և քննարկվում: Գնման գործընթացն իրականացվում է Կրթական ծրագրերի իրականցման գրասենյակի կողմից, որը համակարգիչների գնումն իրականացնում է բաց մրցույթի միջոցով: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունները:

Անդրադառնալով նախորդ տարի Արմավիրի մարզի դպրոցներից մեկի համար համակարգիչների գնման գործընթացին Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն իրականացվել է Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգերով: Չափորոշիչները և գնման փաթեթը ուղարկվում են նախնական դիտարկման նաև Համաշխարհային բանկի փորձագետներին: Նրա խոսքով, գնումների ընթացակարգի կարևորագույն պայմանն այն է, որ չափորոշիչները գրված լինեն այնպես, որ չուղորդեն կոնկրետ սարքավորման գնման:

«Կոպիտ ասած այնպես գրված չլինի, որ մակնիշը նշված չլինի, բայց փաստացի այդ պարամետրենրին բավարարում է միայն մեկ մակնիշ, ինչը նշանակում է, որ արհեստական մրցույթ է իրականացվում: Մրցույթում հաղթում են այն կազամակերպությունները, որոնք համապատասխանում են պահանջներին և ընթացակարգերին, և որոնց հետ պայմանագիր ենք կնքում,-պարզաբանեց նախարարը և Սիսակ Գաբրիելյանին խնդրեց կոնկրետ մտահոգությունների դեպքում առարկայական ներկայացնել դրանք:

Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե որ մարմինն  է զբաղվում համակարգիչների գնման մրցույթի համար պահանջների սահմանմամբ, նա պատասխանեց, որ  եթե վերջինիս անձիք են հետաքրքրում, ինքնը անուններով չի հիշում: Ապա խորհուրդ տվեց հարցերի դեպքում դիմել Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակ:

  • Կիսվել: