կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք․ Ժաննա Անդրեասյան

Երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք․ Ժաննա Անդրեասյան

Ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասաց, որ նոր դասագրքերն այս տարվա մրցույթների արդյունքներով որակական մեծ փոփոխությունների են ենթարկվել՝ դառնալով «լավ դասագրքեր»:

«Այս երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք:

Պետք է նշեմ, որ, օրինակ, այս տարվա արդյունքներով մեր դասագրքերի շուրջ 45 տոկոսն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք երկու տարբեր գիրք, և ուսուցիչներն ունեցել են հնարավորություն՝ ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը: Սա նշանակում է, որ, իսկապես, հսկայական աշխատանք է արված, որը հնարավորություն է տվել մեր ուսուցչներին՝ ընտրելու նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ դասագրքերը ոչ միայն գիտելիքի և փաստերի, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ այս տարի 1-ին դասարանում նոր չափորոշչով են աշխատելու:

«Ունենք նոր Այբբենարաններ, և ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված:

Շատ կարևոր են համարում, որ ժամանակային իմաստով դրանք քննարկված են ուսուցիչների հետ, որովհետև դասագրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են դարձել դեռևս մայիս-հունիսին ուսուցիչների համար, և ուսուցիչներն ունեցել են ժամանակ՝ ծանոթանալու, ընտրելու»,- ասաց նա:

Ամռան ընթացքում, ըստ նախարարի, դասագրքերի հեղինակների կողմից ակտիվ քննարկումներ են կազմակերպվել ուսուցիչների հետ, որոնք ուղղված են եղել այդ դասագրքերի առանձնահատկությունները ներկայացնելուն:

«Բոլոր դպրոցներն ունեն անհրաժեշտ դասագրքեր ուսուցումն իրականացնելու համար: Այս պահին արդեն դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է: 4 մարզերում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին:

Սեպտեմբերի 1-ին մեզ ոչինչ չի խանգարելու, որպեսզի ուսումնական գործընթացն իրականացվի ըստ պատշաճի»,- ասաց նա:

  • Կիսվել: