շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում նոր գիրք է լույս տեսել՝ Ստամբուլում ապրող հույների, հայերի և հրեաների խառնամուսնությունների թեմայով

Թուրքիայում նոր գիրք է լույս տեսել՝ Ստամբուլում ապրող հույների, հայերի և հրեաների խառնամուսնությունների թեմայով

Թուրքիայում նոր գիրք է լույս տեսել Ստամբուլում ապրող հույների, հայերի և հրեաների խառնամուսնությունների թեմայով։ «Դե՜հ, բախտ է, էլի․․․» վերնագիրը կրող սույն գրքի հեղինակներն են դոկտոր Օզգյուր Քայմաքը և Աննա Մարիա Բեյունլիօղլուն։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է հրեական «Ավլարեմոզ» թուրքալեզու կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ «Դե՜հ բախտ է էլի․․․» գրքում ներկայացվում են հատկապես Ստամբուլում շատ տարածված խառնամուսնությունները, որ կնքվում են հույն, հրեա և հայ փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև։ Գիրքը կազմվել է հույն, հրեա և հայ համայնքների տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների հետ իրականացված հարցազրույցների հիման վրա։

Գրքում մանրամասն վերլուծության են ենթարկվում 57 հոգու հետ կատարված հարցազրույցների արդյունքները։ Մասնակիցներից 19-ը հույն է, 14-ը՝ հայ, իսկ 18-ը՝ հրեա։ Հարցազրույցին մասնակցել են նաև բուլղար ուղղափառ համայնքի 2 ներկայացուցիչներ։ Գրքի նպատակն է ներկայացնել այն բարդությունները, որ հանդիպում են խառնամուսնություն կնքած անձանց միջև մշակութային, կենցաղային և հասարակական ոլորտներում։

Ինչպես հայտնի է, ներկայում խառնամուսնությունների հարցը Թուրքիայի փոքրամասնությունների ցավալի խնդիրներից մեկն է։ Եթե նախկինում նման դեպքերը համեմատաբար քիչ էին հանդիպում զանազան համայնքներում, ապա այսօր հույն ու հայ քրիստոնյաների և հրեաների զավակներն սկսել են ավելի հաճախ ամուսնանալ ոչ միայն այլազգի քրիստոնյաների, այլ՝ մինչև իսկ թուրքերի և ուրիշ մուսուլման ժողովուրդների ներկայացուցիչների հետ։

 

  • Կիսվել: