երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծխելը դադարեցնելու թեժ գծին ստացված զանգերի 63,1 տոկոսն ավարտվել է ծխելուց հրաժարվելու ելքով. ԱՆ

Ծխելը դադարեցնելու թեժ գծին ստացված զանգերի 63,1 տոկոսն ավարտվել է ծխելուց հրաժարվելու ելքով. ԱՆ

Ծխելը դադարեցնելու թեժ գծի» կարգախոսն է` «Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով»։

Արդեն 8 ամիս է՝ առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի  նպատակն է աջակցել բոլոր ծխողներին՝ ազատվելու ծխելու վատ սովորությունից։

Մինչ օրս ստացված զանգերի 63,1%-ն ավարտվել է ծխելը դադարեցնելու դրական ելքով: Այս հանգամանքը խրախուսում է թեժ գծի խորհրդատուներին` նոր եռանդ և ուժ ներդնելու ծառայության որակը բարձրացնելու և հասարակության ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու: 

Թեժ գծում աշխատում են հոգեբան-խորհրդատուները, որոնք վերապատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան: Նրանք օգնում են վերանայել Ձեր վարքագիծը և խրախուսում են դադարեցնել ծխելը: Խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է և ԳԱՂՏՆԻ։

Աշխատանքային օրերն են երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ը։

Առողջ հասարակություն ձևավորելու նպատակով «Ծխելը դադարեցնելու թեժ գծի» մասնագետները համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ, որոնց շրջանակն օր օրի ընդլայնվում է: 

Մի շարք զարգացած երկրներում ապացուցված է, որ ծխելը դադարեցնելու լավագույն սպորտաձևերից է յոգան։ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում ծխելը դադարեցնել ցանկացող քաղաքացիներին տրամադրվում է հնարավորություն`  մասնակցելու յոգայի շնչառական վարժությունների 1-2 անվճար  դասընթացի, որը նպաստում է ծխելը դադարեցնելուն։ Այս համագործակցության կագախոսն է` «Թո՛ղ ծխելը, զբաղվի'ր յոգայով»։

Թեժ գծի մասնագետները նաև պարբերաբար սեմինար-քննարկումներ են անցկացնում սպորտի սրահներում առողջ ապրելակերպով զբաղվող քաղաքացիների հետ` իրազեկելով նաև ծառայության աշխատանքների մասին։ 

Միաժամանակ, համագործակցում ենք ընտանեկան բժիշկների և թերապևտների հետ։ Հոգեբանական խորհրդատվության արդյունավետությունը զանգահարողի հետ էականորեն բարձրանում է, երբ այն զուգակցվում է նշված մասնագետների կողմից առողջական վիճակի գնահատմամբ։ 

Եթե քաղաքացուն չի հաջողվում կապ հաստատել թեժ գծի խորհրդատուի հետ, հոգ չէ. Հայաստանում ստեղծված բջջային հավելվածը նույնպես կօգնի ծխելը դադարեցնելու քո ծրագիրը կազմելուն։ 

Հետևելով ծխելը դադարեցնելու ֆեյսբուքյան հարթակին Դուք կստանաք հետաքրքիր տեղեկատվություն ծխելու բացասական հետևանքների մասին, ինչպես նաև կարող եք անձնական նամակով ուղարկել Ձեզ հուզող հարցերը (գաղտնիությունը ապահովվում է) կամ պատվիրել հետադարձ զանգ խորհրդատուների կողմից։

Հեռախոսահամար՝ 060440001

«Ծխելը դադարեցնելու թեժ գծում» հաճախակի տրվող հարցեր

 Ո՞վ է պատասխանում թեժ գծի զանգերին։

  • Հոգեբան խորհրդատուն, ով վերապատրաստվել է ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցների համապատասխան։

 Ինչքա՞ն ժամանակ կտևի խորհրդատվությունը։

  • Յուրաքանչյուր զանգը կարող է տևել առավելագույնը 20 րոպե, ընդհանուր զանգերի քանակը 5-6 զանգ ըստ զանգահարողի ցանկության և կարիքների։

 Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե չեմ ցանկանում թողնել ծխելը։

  • Խորհրդատուն կօգնի վերանայել զանգահարողի վարքագիծը և կխրախուսի դադարեցնել ծխելը։

 Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ այս ծառայության համար։

  • Ծխելը դադարեցնելու հոգեբանական խորհրդատվության ծառայությունը ԱՆՎՃԱՐ Է։

 Արդյո՞ք ծառայությունը գաղտնի է։

  • Իհարկե գաղտնի է, մեր համակարգը տեխնիկապես նախագծված է ապահովելու զանգի գաղտնիությունը։

 Ո՞ր օրերին և ժամերին է աշխատում «թեժ գիծը»։

  • Երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 9։00-18։00: Ոչ աշխատանքային ժամերին զանգերը գրանցում է համակարգը և խորհրդատուն հետադարձ կապ է հաստատում։

  • Կիսվել: