երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծաղկաձորի ճանապարհները վերանորոգելու բոլոր լուծումները գտնված են. մանրամասներ

Ծաղկաձորի ճանապարհները վերանորոգելու բոլոր լուծումները գտնված են. մանրամասներ

Կառավարության այսօրվա՝ հունիսի 29-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները ներկայացնող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ Ծաղկաձորի հետ կապված հարցերն ինչ եղա՞ն, ապա հիշեցրեց նախապատմությունը. «Ժամանակին որոշում էինք կայացրել, որ Ծաղկաձորի ճանապարհները հիմնանորոգվեն: Հիմնանորոգման մասին էր, չէ՞, խոսքը: Հետո հընթացս պարզվեց, որ կոյուղի, ջրագծեր և այլն, պրոբլեմներ կան»:

Գնել Սանոսյանն արձագանքեց՝ եղածը շինարարների աշխատանքի հետևանք էր. «Գրաֆիկից հետ ընկան, ամբողջ ձմեռ ճանապարհն այդպես մնաց, քայքայվեց, բայց հիմա, հուրախություն մեզ, բոլոր լուծումները գտնված են: Ով որ պետք է պատժվեր, կամ պայմանագիրը խզվեր, այդ պրոցեսներն արվել են: Նոր շինարարներ կան, գործընթացը գնում է, շաբաթական այնտեղ հանդիպումներ կան և՛ նախարարության, և՛ մարզպետարանի, և՛ համայնքի միջև: Այսինքն՝ նորմալ ընթացքում ենք, հնարավորինս արագ քաղաքը տեսքի կբերենք»,- ասաց Սանոսյանը:

Փաշինյանը նկատեց, որ նմանատիպ խնդիրներ կային նաև Գանձաքար-Իծաքար հատվածում, Դիլիջանում. «Թվում է, թե հիմնական խնդիրը փողն է, չէ՞. փողը լինի, հարցերը կլուծենք: Բայց հետո ի հայտ են գալիս մասնավոր հատվածի կարողությունների հետ կապված խնդիրներ: Ընդ որում՝ մի տեղ շինարարի կարողությունների և հմտությունների հետ է պրոբլեմ առաջանում, երկրորդ տեղում նախագծողների նախագծերի հետ է առաջանում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ եղել են նաև դեպքեր, երբ նախագծումը սխալ է իրականացվել, և մի քանի անգամ նախագիծ է փոխվել:

Փաշինյանը նաև հորդորեց՝ որտեղ որ պետք է պատժել, պետք է պատժել, որտեղ պետք է խրախուսել, խրախուսել, որպեսզի խնդիրներն արագ լուծվեն:

  • Կիսվել: