ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումը կտրուկ նվազել է. վարչապետ

Տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումը կտրուկ նվազել է. վարչապետ

Կառավարությունը շարունակում է շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությանը, բայց նաև ձեռնարկվում են վարչական միջոցներ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին:

Նա տեղեկացրեց, որ արդեն 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար, որից 2166-ը՝ դիմակ չկրելու համար:

Վարչապետն ասաց նաև, որ կտրուկ նվազել է հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը: Նրա խոսքով՝ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար 431 վարչական արձանագրություն է կազմվել:

Նա նշեց, որ ի սկզբանե եղել է դիրքորոշում, որ դիմակ պետք է կրեն հիվանդները եւ նրանց խնամողները, որովհետեւ դիմակը պաշտպանում է վարակելուց։ «Հետո փոխվել է որոշակի գիտելիք եւ իրավիճակ։ Կանխավարկածն այն է, որ մենք բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակվածի, մենք դիմակ կրում ենք ոչ այնքան սեփական, որքան դիմացինի անվտանգությունը ապահովելու համար։ Մենք ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի։ Սեփական օրինակով գիտեմ դա․ առնվազն 7 օր վարակված եմ եղել կորոնավիրուսով, եւ չեմ իմացել այդ մասին»,-հավելեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց. «Կորոնավիրուսի դեմ պայքարը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն»:

  • Կիսվել: