երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տրանսօվկիանոսյան տանկերն անվանակոչվել է Առնո Բաբաջանյանի անվամբ (լուսանկարներ)

Տրանսօվկիանոսյան տանկերն անվանակոչվել է Առնո Բաբաջանյանի անվամբ (լուսանկարներ)

Օգոստոսի 9-ին հռչակավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին Վլադիվոստոկում տեղի է ունեցել տրանսօվկիանոսյան տանկերը կոմպոզիտորի անունով կոչելու հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել անվանի կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչը նշեց, որ Առնո Բաբաջանյանը մեր օրերում էլ շարունակում է մնալ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և  խորհրդային նախկին այլ հանրապետությունների ժողովուրդների մշակութային ժառանգությունն է:

Բացման արարողությանը մասնակցել են Պրիմորիեի երկրամասի կառավարության փոխնախագահ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատկայի երկրամասում "Ռուսաստանի հայերի միության" տարածաշրջանային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլք:

Միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով, որի շրջանակներում Նևելսկու անվան ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր ՝ Անատոլի Յակիմենկո) կատարեց Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները:

  • Կիսվել: