կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տնտեսումներ և խնայողություններ. 8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին 5 ամիսների փոփոխությունները

Տնտեսումներ և խնայողություններ. 8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին 5 ամիսների փոփոխությունները

Սահմանամերձ գյուղերի դպրոցականներին հատկացվել են գրենական պիտույքներ, ամբողջությամբ վերանորոգվել է ԱԺ բուժկետը: Այս և այլ փոփոխությունները տեղի են ունեցել 8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին 5 ամիսների ընթացքում:

Ամփոփելով 8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին հինգ ամիսները՝ նշենք, որ ԱԺ նախագահի պահուստային ֆոնդից ուսման վարձավճարներ են հատկացվել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների ուսանողներին, գրենական պիտույքներ են տրվել սահմանամերձ գյուղերի դպրոցականներին, ինչպես նաև՝ վճարվել են սոցիալապես անապահով տարեցների բուժծառայությունները:

Բացի այդ՝ ամբողջությամբ վերանորոգվել է ԱԺ բուժկետը, ձեռք է բերվել նորագույն չափանիշներին համապատասխան էլեկտրասրտագրիչ և տարածքն ախտահանող բակտերիցիդ լամպ:

Ռեստավրացվել են խորհրդարանի բոլոր մասնաշենքերի և անցակետերի շքամուտքերի դռները, վերանորոգվել են ԱԺ մասնաշենքերի, միջանցքների աշխատասենյակների անցակետերի ու վերելակների ամբարձիչները:

Կատարվել են նաև մայրաքաղաքի վարչական պողոտայում գտնվող ԱԺ դարպասների մաքրման աշխատանքներ, և ասֆալտապատվել են ԱԺ մուտքերին հարող տարածքները:

Նորոգվել է կաթսայատունը, արդիականացվել են ջեռուցման համակարգերը, կատարվել են էներգախնայողության լայնածավալ աշխատանքներ:

Բարեկարգվել են Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ու հարակից տարածքը, կատարվել են ԱԺ այգու երիտասարդացման լայնածավալ աշխատանքներ:

Վերջին հինգ ամիսների փոփոխություններից է նաև ԱԺ ավտոպարկի կրճատումը:

Ինչ վերաբերում է տնտեսումներին և խնայողություններին, նշենք, որ 2 փուլով պետբյուջե են վերադարձվել խնայողություններ. առաջին փուլում՝ 606 մլն ՀՀ դրամ,  2-րդում՝ 16 մլն ՀՀ դրամ:

  • Կիսվել: