Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար. վարչապետ
Սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։
Նրա խոսքով, տխուր է, քանի որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5000 դրամ կաշառք և վարչապետի միջնորդություն ստանալու համար՝ վարչապետին միջնորդություն ներկայացնել։ Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին և սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին, վիրավորանք է 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության արժեքների հասցեին։ Ես չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց ես կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև ասաց, որ եթե ՀՀ-ում կա որևէ մեկը, որը կասակածում է կոռուպցիան արմատախիլ անելու իր կամքին և վճռականությանը, ապա հույս ունի, որ այդ մարդիկ հասկացան՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել։
«Եթե կան այս հարցում կոնկրետ իմ վճռականությանը կասկածող մարդիկ, խոստանում եմ, որ մենք այդ մարդկանց հետևից անպայմանորեն և անփուսափելիորեն գնալու ենք»,- նշեց Փաշինյանը։