երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը։
 
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր մեկնարկող ուսումնական տարվա առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է կրթական գործընթացում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու կրթության պրոցեսի անխափան կազմակերպումը:
 
«Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ նմանօրինակ խորհրդակցությունները կարևորում եմ, քանզի այս հանդիպումների ժամանակ հնարավոր է բարձրաձայնել ու քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Պետք է սահմանենք նշաձող, որը պետք է պահպանենք ու աշխատենք կրթական պրոցեսն անխափան ու անխնդիր իրականացնել։ Ամենակարևորը՝ հակահամաճարակային կանոնների պահպանումն է ու ուսումնադաստիարակչական գործընթացի նորմալ կազմակերպումը: Շատ աշխատանք ունենք անելու, բայց վստահ եմ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են»,- ասել է մարզպետը։
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ գոհունակությամբ փաստել է, որ Շիրակի մարզը նախորդ տարի կարողացել է նախ համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում կրթության անընդհատությունն ապահովել։
 
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային արդյունքները՝ ընդգծելով, որ Շիրակը բավական լավ արդյունքներ է գրանցել։ 1159 դիմորդից ընդունվել է 832-ը։ Մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով ընդունվող դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկական գործը, ֆինանսներ, թարգմանչական գործ, իրավագիտություն մասնագիտությունները:
 
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` նախարարի տեղակալը նշել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:
 

  • Կիսվել: