Մերձմոսկվայում անօդաչուների հարվածներից մեկ մարդ զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել
Ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքերի հարվածներից Մոսկվայի մարզում մեկ մարդ է սպանվել, ևս վեցը՝ վիրավորվել, Telegram-ում հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, հակաօդային պաշտպանության ուժերը և էլեկտրոնային պատերազմի համակարգերը Մոսկվայի մարզի 16 մունիցիպալիտետներում ոչնչացրել և չեզոքացրել են 185 անօդաչու թռչող սարք։
Պոկրովսկոյեում բեկորային վնասվածքներով մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։ Իստրայում հոսպիտալացվել են Յադրոմինոյի և Գորկիի երկու բնակիչներ, որոնցից մեկը վիրահատվելու է։ Դոմոդեդովոյի շրջանի Լյախովո գյուղում երեք մարդ դիմել է բժշկական օգնության։ Հետազոտությունից և բուժումից հետո նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։
«Ցավոք, կա մեկ զոհ։ Սոլնեչնոգորսկի շրջանի Ռադումլյա գյուղում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 20-ամյա մի տղամարդ։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին», - գրել է նահանգապետը։
Դոմոդեդովո քաղաքային շրջանի Լոբանովո գյուղում մասնավոր տուն է հրդեհվել։ Բարիբինոյում, որտեղ աշխատում են փրկարարները, մեկ այլ տուն է ավերվել։
Բոլոր վայրերում աշխատում են Արտակարգ իրավիճակների ծառայությունները։ «Մենք շարունակում ենք վերացնել հարձակման հետևանքները և բնակիչներին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը», - գրել է նահանգապետը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում, Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 650 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ռուսական ՀՕՊ ուժերը ոչնչացրել են մարզի սահմանների մոտ։ Մոսկվային մոտենալիս խոցվել է 106 անօդաչու թռչող սարք, ճշտել է քաղաքապետը։
Անօդաչու թռչող սարքի հարձակման ֆոնին «Ռոսավիացիան» սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի չորս օդանավակայաններում:



