Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական տուգանքի չափը նախատեսվում է ավելացնել
Հայաստանում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը: Մասնավորապես, նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ երեսնապատիկից մինչև յոթանասնապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Առաջարկն ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:
«Մի կողմից բավական մեծ ծավալի խախտումներ ենք արձանագրել այս ուղղությամբ, մյուս կողմից չկա զսպող, կանխող մեխանիզմ, որը հնարավորություն կտա որոշակի բարելավել այս պրակտիկան: Եկանք այն եզրակացության, որ եթե վարչական պատասխանատվության նորմերը պատշաճ կիրառվեն, ապա կարող ենք ունենալ լուրջ կանխող գործառույթ: Մինչև պաշտոնյան անձնապես վնաս չկրի, հետագա խախտումները գործելիս զսպող գործոն չի լինի»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել առաջարկին, և այն նախագծի տեսքով դրվել է շրջանառության մեջ:
«Բազմաթիվ են անհարկի մերժումները, թերի պատասխանները, պարզապես պատասխան չտրամադրելը: Շատ քիչ տոկոս են կազմում օրինական մերժումները: Անհրաժեշտ ենք համարում տուգանքի չափի փոփոխությունները: Միևնույն ժամանակ նշեմ, որ այս փոփոխությունների կատարումը բխում է կառավարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից»,-ասաց Մարգարիտա Զալիբեկյանը:
Ի՞նչ պատկեր կա տեղեկություն ստանալու իրավունքի խախտման հիմքով դատական գործերի առնչությամբ: Որքանո՞վ է առկա օրենքը, թեկուզ, ցածր տուգանքի չափով, գործում, արդյո՞ք պաշտոնյանները տուգանվել են տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար: Պարզվում է, այս ուղղությամբ դատական գործերը շատ քիչ են:
ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունները
ժամանակավոր կատարող Անի Միքայելյանիխոսքով, պարզապես շատերը չեն դիմում դատարան:
«Հաշվի առնելով, որ դատարանները ծանրաբեռնված են և գործերը քննվում են շատ երկար, բնականաբար, շատերը պարզապես հրաժարվում են և չեն դիմում դատարան, որովհետև պահանջվող տեղեկությունը կոնկրետ ժամանակի համար է, իսկ 3 տարի ձգվող գործի պարագայում, նույնիսկ եթե տեղեկությունը տրամադրվի, արդեն դրա կարևորությունը կկորի»,- ասաց Անի Միքայելյանը:
Ի հավելումն դատական գործընթացների մասին հարցին՝ Շուշան Դոյդոյանն էլ նշեց, որ դատարանները, գործը երկար ձգվելուց հետո, նույնիսկ եթե բավարարում են տեղեկություն տրամադրելու պահանջը, չեն բավարարում տուգանելու պահանջը: Այսինքն, գործնականում պաշտոնյան չի տուգանվում տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար:
Ստացվում է, մի կողմից տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար դատարան դիմողներն են շատ քիչ, մյուս կողմից, դատարանները հիմնականում չեն բավարարում տուգանելու պահանջը, այդ դեպքում ի՞նչ ակնկալել տուգանքի չափը բարձրացնելուց: Շուշան Դոյդոյանի խոսքով, շատ կարևոր է, որ դատարաններն այս գործերը քննեն արագ, սեղմ ժամկետներում: Դրանից բացի, վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, ըստ նրա, պետք է խրախուսվեն, որ ակտիվ կիրառվեն դատարաններում: Շուշան Դոյդոյանն առաջարկում է նաև ստեղծել արտադատական մեխանիզմներ: