երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Tech2Life նախաձեռնությունը Հայաստանում նպաստավոր միջավայր կստեղծի աջակցող տեխնոլոգիայի զարգացման համար

Tech2Life նախաձեռնությունը Հայաստանում նպաստավոր միջավայր կստեղծի աջակցող տեխնոլոգիայի զարգացման համար

Tech2Life նախաձեռնությունը միտված է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծել մի միջավայր, աջակցող տեխնոլոգիայի մի էկոհամակարգ, որը հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորություն կտա ապրել առողջ, արդյունավետ ու արժանապատիվ կյանքով:

Նախաձեռնության մեկնարկն ազդարարվեց  հոկտեմբերի 13-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ  ոլորտում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք վերաբերում են առջակցող միջոցներին, տեխնոլոգիաների զարգացմանը՝ սկսած գնային քաղաքականությունից, վերջացրած հասանելիությամբ:

«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում յուրաքանչյուր տասից մեկ մարդ աջակցող միջոցի կարիք ունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլոբալ առումով բնակչությունը գնում է դեպի ծերացման՝ կան կանխատեսումներ այն մասին, որ 2030 թվականին ավելի քան 2 մլրդ մարդ առնվազն մեկ աջակցող միջոցի կարիք է ունենալու, ուստի մենք ևս պետք է սկսենք ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի պատասխանենք այդ մարտահրավերներին»,-շեշտեց նա:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին շրջանում գործուն քայլեն են անում այդ ուղղությամբ:

2019-ից աջակցող միջոցների ձեռքբերման նպատակով սկսել են պետական հավաստագրերի տրամադրման համակարգի ներդրումը: «Ըստ էության՝ 2021 թվականին աջակցող միջոցներ ենք տրամադրել շուրջ 19 կազմակերպության կողմից, որոնք ծառայություններ են մատուցում հանրապետության տարբեր մարզերի շուրջ 35 սպասարկման տարածքներում: Պետության կողմից տարեկան տրամադրվում է շուրջ 14 000 աջակցող միջոց»,-տեղեկացրեց նախարարը:

Մկրտչյանի խոսքով՝ 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմից պարզ էր, որ  կլինեն բազմաթիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք  տարբեր աջակցող միջոցների կարիք կունենան: Այդ ուղղությամբ  սկսել են աշխատանքներ տանել և ձեռք բերել կապեր: Փորձել են հաստատել միջազգային կապեր ամենատարբեր երկրներում՝ գերզարգացած տեխնոլոգիաներ ու միջոցներ  ձեռք բերելու նպատակով:

Ըստ նախարարի՝ սա նաև հնարավորության դուռ է բացում: «Հայաստանում կան կայուն գործող ստարտափներ և հսկայական ներուժ: ՀՀ-ում ունենալով  աջակցող լավագույն միջոցները՝ գուցե հնարավոր լինի բավարարել ՀՀ-ի կարիքներն ու դուրս  գալ միջազգային  շուկա»,-ասաց Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում աջակցող տեխնոլոգիայի ոլորտում մասնագիտացած հայկական ստարտափները ներկայացրին իրենց արտադրանքը և մտահղացումները պոտենցիալ ներդրողներին:

  • Կիսվել: