շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշի մարզում 33-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է Աղստև գետում

Տավուշի մարզում 33-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է Աղստև գետում

Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:   Ժամը 18:50-ի սահմաններում, 33-ամյա Վահան Մարտիրոսյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հետագա բուժօգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:  

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:  

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ Չիբուխչյանի գլխավորությամբ:   

  • Կիսվել: