չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տարեցների խնամքի համար «հրատապ» կարգով գնված տները ո՛չ վերանորոգվում են, ո՛չ՝ շահագործվում

Տարեցների խնամքի համար «հրատապ» կարգով գնված տները ո՛չ վերանորոգվում են, ո՛չ՝ շահագործվում

Տարեցների խնամքի կազմակերպման համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Հրատապ» կարգով գնած 3 տներից և ոչ մեկը բնակեցված չէ: Ավելին, բոլոր տները կապիտալ վերանորոգման կարիք ունեն, սակայն դրանցից ոչ մեկի վերանորոգման աշխատանքները չեն սկսվել, գրում է Հետքը:

«Հետքը» դեռ 2020թ.-ին է անդրադարձել այս տների պատմությանը: 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, նախատեսվում էր փորձնականորեն խնամքի համայնքային 5 փոքր տուն ստեղծել՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արմավիրի մարզի Մրգաշատ, Ակնաշեն գյուղերում և Արմավիր քաղաքում 3 տուն է ձեռք բերոել «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգերով։ Իսկ Գեղակերտի տունը բարեգործական կազմակերպության հետ համատեղ ձեռք է բերվել գնանշման հարցումով: Այժմ վերանորոգվում է միայն այդ տունը:

Գնված տները թեև պետք է լինեին բնակության համար պիտանի, սակայն դրանց շահագործումն առանց հիմնանորոգման հնարավոր չէ:

Մեր հրապարակումների հիման վրա խոշոր չափի խարդախության և փաստաթուղթ կեղծելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել տները վաճառած միջնորդ ընկերության՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրեն և բաժնետեր Պավել Թադևոսյանին: Տարեցների համար ձեռք բերված փոքր տների գործով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեք պաշտոնյա ևս մեղադրյալի կարգավիճակ ունի:

Որոշվել է տները վերանորոգել, 2-ի վերաբերյալ պայմանագրերը կնքվել են, սակայն 4 ամսից ավելի է՝ աշխատանք չի իրականացվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 3 անգամ ավելի շատ գումար է հատկացրել գնած տների վերանորոգման համար, քան այդ տների արժեքն է: 

Մրգաստան գյուղի տան վերանորոգման համար պետական բյուջեից նախատեսվել է 94 մլն դրամ, այն դեպքում, երբ տան արժեքը 26 մլն 730 հազար դրամ էր: Ակնաշենի տան վերանորոգման արժեքը 90 մլն դրամ է, տան գնման արժեքը՝ 26 մլն 950 հազար դրամ:

Գեղակերտի տան վերանորոգման պայմանագիրը կնքվել է 2022թ. մարտի 21-ին` 44 մլն 280 հազ. դրամ արժեքով: Նշված գումարից 27 մլն դրամը հատկացրել է «Ավոնդգլանս» հիմնադրամը, մնացած գումարը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Միայն այստեղ են իրականացվում վերանորոգման աշխատանքներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022թ. դեկտեմբերի 27-ին հրատապ կարգով Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանից  կիսակառույց տուն է գնել՝ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքը համայնքային փոքր տներում կազմակերպելու նպատակով:

2022թ. ապրիլին հայտարարված գնման ընթացակարգին մասնակցության հայտ էր ներկայացրել միջնորդ կազմակերպությունը՝ «Տեխպրոֆշին» ՍՊԸ-ն: Վերջինս առաջարկել էր Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող կիսակառույց երկհարկանի մի տուն՝ 20 մլն 160 հազ. դրամ գնով:

Ձեռք բերվելիք անշարժ գույքի տեխնիկական բնութագրում պահանջ է սահմանվել, որ մինչև առուվաճառքի պայմանագրի կնքումը վաճառողի առաջարկած առանձնատան արժեքը պետք է գնահատվի անկախ փորձագետի կողմից: Նման պահանջի անհրաժեշտությունն առաջացել էր «Հետք»-ի՝ 2020թ. հրապարակումից հետո:

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գնահատման հաշվետվության համաձայն՝ Արմավիր քաղաքի 108 թաղամասում գտնվող անշարժ գույքը 2022թ. հունիսի 20-ի դրությամբ գնահատվել է 10 մլն 334 հազ. դրամ:

Ընկերությունը չի համաձայնել իջեցնել գինը, և գնման ընթացակարգը համարվել է չկայացած: Նախարարությունը նույն տունը հրատապ կարգով գնել է սեփականատեր Արամ Հովհաննիսյանից՝ 13 մլն 750 հազ. դրամով:

Պարզվում է՝ Ֆինանսների նախարարությունը չի հասցրել 2022թ. վճարել գնված տան արժեքը: Կառավարությունը 2023թ. ապրիլի 27-ին որոշում է կայացրել Շարժայի բարեգործական հիմնադրամի փոխանցած, 2023թ. պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից  հատկացնել 13 մլն 750 հազ. դրամ:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 2-ին նախարարության և Շարժայի բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով համանքային փոքր տան գնման նպատակով հատկացվել է 150 հազ. ԱՄԷ դիրհամ։ Տվյալ օրվա դրությամբ, Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով այն կազմել է մոտ 20 մլն 164 հազ. դրամ: Հենց այդ գումարի մնացորդից էլ գնման օրվանից 4 ամիս անց որոշվել է վճարել տան արժեքը:

Այս պարագայում անհասկանալի է նախարարության շտապողականությունը հրատապ կարգով մեկ անձից գնում կատարելու հարցում, քանի որ տունը կիսակառույց է եւ այս պահին պիտանի չէ բնակության համար: Ավելին, Կառավարությունը դեռ պետք է գումար հատկացնի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար, ինչը ենթադրում է, որ մոտ ապագայում այս առանձնատունը ևս հնարավոր չի լինի շահագործել ըստ նպատակի:

  • Կիսվել: