կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սյունիքում Renault-ը բախվել է Toyota-ին, Toyota-ն մոտոցիկլետին, վերջինն էլ Opel-ին․ կան վիրավորներ

Սյունիքում Renault-ը բախվել է Toyota-ին, Toyota-ն մոտոցիկլետին, վերջինն էլ Opel-ին․ կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 28-ին, ավտոմեքենաների և մոտոցիկլետի բախում է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 186 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և վարորդներից մեկը գտնվում է ոչ սթափ վիճակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հերթապահ խումբը՝ օպեր լիազոր Տ․ Խաչատրյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորային պատահարների ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ժամը 19։15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 53-ամյա Վահիկ Հ․-ն, լինելով ոչ սթափ վիճակում, իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված՝ Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Հրայր Ա․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենային, որից հետո հարվածից Toyota-ն բախվել է իր առջևում կայանված Սերբիայի Հանրապետության քաղաքացի 55-ամյա Բոյան Բ.-ին պատկանող BMW մակնիշի մոտոցիկլետին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Երևանի բնակիչ 71-ամյա Սամվել Բ․-ի կողմից շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով Սամվել Բ․-ն, Հրայր Ա․-ն և Բոյան Բ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: