չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Սյունիքից մինչև Վայոց ձոր. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բարեգործական ծրագրերը՝ ՀՀ սահմանամերձ գոտիներում

Սյունիքից մինչև Վայոց ձոր. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բարեգործական ծրագրերը՝ ՀՀ սահմանամերձ գոտիներում

 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն շարունակում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Գորիսի դիահերձարանին, Ջերմուկի շտապօգնության կետին, իսկ սահմանամերձ Ուժանիս, Կաղնուտ և Բարձրավան համայնքներում իրականացնում է գյուղատնտեսությանն աջակցող ծրագրեր:

«Արմենպրես»-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր և ծանոթացել առկա մարտահրավերներին, ծագած խնդիրներին տրված լուծումներին և լուծման պլաններին: Արդեն երրորդ տարին է, ինչ  ԿԽՄԿ-ն, հաշվի առնելով մարդասիրական գործունեության կարևորությունը, լրագրողներին հնարավորություն է ընձեռում խնդիրներին և դրանց տրված լուծումներին ծանոթանալ տեղում: 

Մինչ երկար ճանապարհ ընկնելը լրագրողները ծանոթացան հայտնի կարմիր խաչով, սպիտակ դրոշներով, ժնևյան համարներով մեքենաներով երթևեկելու կանոններին․. զինվորական համազգեստով մարդկանց մուտքը մեքենա արգելվում է, զենքի կամ զինված մարդկանց տեղափոխումը ևս արգելված է և, իհարկե, ոչ մի քաղաքական խոսակցություն։ Եթե ուղևորներից որևէ մեկն իրեն վատ զգա, ինչպես կատակեց  վարորդը, թե՛ առաջին օգնություն կցուցաբերեն, թե՛ վերջին։

 ARM_6414.jpg (12.16 MB)

Առաջի կանգառը՝ Գորիսի դիահերձարան

Սյունիքի մարզի Գորիս համայնքի  դիահերձարանը տեխնիկական և մասնագիտական աջակցություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից։ Մարզի գլխավոր դատական բժիշկ, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բաժնի վարիչ Հունան Գալստյանը Սյունիքի մարզ այցելած լրագրողներին ծանոթացրեց վերջին շրջանում կատարված աշխատանքներին։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունը սկսել են 44-օրյա պատերազմի օրերին, շարունակվել է հետպատերազմյան շրջանում և մինչ օրս։

ARM_4885.jpg (10.53 MB)

Մարտական գործողությունների ընթացքում ակնհայտ դարձավ սառնարանային պահեստի, պաթոլոգների աշխատանքի համար անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև շենքի վերանորոգման անհրաժեշտությունը: ԿԽՄԿ-ն առաջին երկու հարցը լուծեց հենց պատերազմի ժամանակ։ Ավելին՝ անսարքություններից և աշխատանքի ընդհատումներից  խուսափելու համար գեներատոր տրամադրեց։ Իսկ շենքի վերանորոգումը գրեթե ավարտված է:

 ARM_4905.jpg (10.16 MB)

«Համագործակցությունն օրեցօր խորանում է և ընդլայնվում: Պատերազմի օրերից սկսած՝ թե մասնագիտական, թե բարոյահոգեբանական առումով նրանց աջակցությունը մեզ համար շատ կարևոր է եղել: Հիմա` համեմատաբար խաղաղ ժամանակներում, այստեղ ամսական 30-40 հանգուցյալների փորձաքննություն և ողջ մարդկանց դատաբժշկական փորձաքննություն է անցկացվում: Բայց պատերազմի ժամանակ աշխատանքը շատ ավելի ծավալուն էր: Կարմիր խաչը մեծ փորձ ունի և օգնության էր հասնում ամենաբարդ պահերին: Նրանք հայտնվում էին այն ժամանակ, երբ մենք ամենաշատն ունեինք նրանց կարիքը և տրամադրում էին այն, ինչը մեզ անհրաժեշտ էր»,-նշեց Գալստյանը:

դիահերձարան գալստյան.jpg (7.54 MB)

Նա ցույց տվեց տարածքը՝ նշելով, որ տհաճ հոտեր չկան՝ նոր օդափոխության և ջրամատակարարման համակարգերի շնորհիվ: 

Լրագրողների երկրորդ կանգառը Գորիսի ԿԽՄԿ-ի ենթապատվիրակությունն էր, որտեղ հյուրընկալվել էր նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ով բարձր գնահատեց ԿԽՄԿ-ի աջակցությունը Սյունիքի մարզին: Մարզպետը նաև տեղում պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին: 

 ARM_6537.jpg (8.18 MB)

Ուժանիսում ԿԽՄԿ-ի աջակցությամբ իրականցվող մելիորացիայի արդյունքում մշակելի են դարձել համայնքի հողերից 28 հեկտարը

ԿԽՄԿ-ն Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների գյուղական տնտեսություններին աջակցության ծրագրեր է  իրականացնում: 44-օրյա պատերազմից հետո 50 հեկտար հողատարածք կորցրած Ուժանիս համայնքում դաշտերի մելիորացիայի ծրագիր է իրականացվում: Ծրագրի շնորհիվ 28 հեկտար հող է մշակվել:

Ուժանիսի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանը նշեց՝ մելիորացիայի շնորհիվ հացահատիկային մշակաբույսերի համար բացվել են նախկինում անմշակ դարձած դաշտերը:

Sasun Sargsyan Ujanis.jpg (8.28 MB)

«Մելիորացիայի արդյունքում մշակելի են դարձել համայնքի հողերից 28 հեկտարը։ Հիմնականում ցորեն ու գարի են այս պահին մշակում, բայց նպատակ կա հետագայում շեշտադրում անել նաև այլ մշակաբույսերի վրա: Կարևորն այն է, որ Կարմիր խաչի աջակցությամբ բացել ենք այն հողերը, որոնք 15-20 տարի փակ են եղել»,- ասում է համայնքի ղեկավարը։ 

Ուժանիսում այս ծրագրի շահառու է 9 մարդ: 

«Նույն ծրագրի շրջանակներում գյուղացիներին տրամադրել ենք ցորենի էլիտար սերմեր, ցանքը կատարվել է։ Հետագայում այդ էլիտար սերմերից վերցված սերմով նրանք դեռ մի քանի տարի կկարողանան իրենց հողերում ցանք կատարել»,- ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարություն Հարությունյանը: 

 Հարություն Հարությունյան.jpg (7.54 MB)

Կաղնուտում ԿԽՄԿ-ի աջակցման ծրագրերը բազմազան են 

Մարզի Կաղնուտ գյուղում մելիորացիայի ծրագրով 10 հեկտար հող է վերականգնվել, ցորեն է ցանվել, 12 ընտանիքի բաժանվել է ցորենի սերմացու: Գյուղում նաև աջակցության այլ ծրագրեր են իրականացվում:

մելորացիա.jpg (16.87 MB)

Կաղնուտի բնակիչ Սպարտակ Ասատրյանին ԿԽՄԿ-ն աջակցել է մեղվաբուծության հարցում, որի շրջանակում 20 նոր մեղվափեթակ է ձեռք բերվել: Մեկ այլ բնակիչ՝ մասնագիտությամբ եռակցող Սեյրան Հայրապետյանը, ԿԽՄԿ ֆինանսավորմամբ գործիքներ է գնել՝ զոդման գործիք և այլ գյուղատնտեսական պարագաներ: ԿԽՄԿ աջակցությամբ 8 տարբեր գյուղատնտեսական տեխնիկաների համար տրամադրվել է 26 անվադող: Ճագարաբուծության և գյուղի միակ խանութի գործունեությունը զարգացնելու ծրագրերը ևս ֆինանսավորվել են ԿԽՄԿ փոքր դրամաշնորհներով: 

ARM_7130.jpg (13.73 MB)

«Կաղնուտում իրականացրել ենք միկրոտնտեսական նախաձեռնությունների ծրագիր, որի շրջանակներում գյուղի բնակչությանը հնարավորություն ենք տալիս ներկայացնել փոքր ծրագրեր նոր գործունեություն ծավալելու կամ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Գյուղից ընտրվել են 4 տնային տնտեսություններ, որոնց ծրագրերի համար տրամադրել ենք գումար՝ միկրո դրամաշնորհների տեսքով»,- մանրամասնեց ԿԽՄԿ տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարություն Հարությունյանը:

 

Բարձրավանում էլ իրականացվել է ազնվամորու արժեշղթայի զարգացման ծրագիր

Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղում ԿԽՄԿ-ն իրականացնում է ազնվամորու արժեշղթայի զարգացման ծրագիր: Գյուղի 14 տնային տնտեսությունների տրամադրվել են ազնվամորու տնկիներ, գյուղացիները համապատասխան դասընթացի են մասնակցել։ Հաջորդ փուլով տրամադրվել են կալիֆորնիական որդեր՝ հողը հարստացնելու համար, իսկ հետագայում կաթիլային ոռոգման ցանց կտրամադրվի բոլոր 14 տնտեսություններին։ Գյուղում ոռոգման ջրի խնդիրներ կան:

մալինա.jpg (12.90 MB)

«Ազնվամորու առաջին բերքը սպասում ենք այս տարվա աշնանը: Ամեն թուփն այս տարի 200 գրամ բերք կտա, բայց, եթե հաջորդ տարվա գարնանից ամեն ինչ լավ լինի, արդեն մեծ բերք կունենանք։ Մշակում ենք նաև կարտոֆիլ, սոխ, լոբի, բայց, ցավոք, ջուր չունենք, ձեռքով ենք ջրում»,- ասաց Բարձրավանի բնակչուհի Խանում Մաթևոսյանը:

Խանում.jpg (8.13 MB)

Կապանի փոխքաղաքապետ Մարատ Հարությունյանի տեղեկացմամբ՝ ԿԽՄԿ-ն նաև գյուղտեխնիկա է հատկացրել Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 38 գյուղական բնակավայրի համար: 

Մարատ Հարությունյան.jpg (8.88 MB)

«Չունեինք խոտ հնձելու հարմարանքներ, աշխատանքները կատարվում էին թերի, տեխնիկան ստանալուց հետո հուսով ենք, որ այլևս բաց տեղեր չեն լինի, և աշխատանքային ամբողջ ցիկլը կիրականացվի ըստ ժամանակացույցի»,- նշեց Կապանի փոխքաղաքապետը:

 

Ջերմուկի անհետաձգելի բուժօգնության միակ բաժանմունքը՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խորհրդատվությամբ ու աջակցությամբ ստեղծվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Առողջության կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Կենտրոնի հերթապահ բժիշկ Ռազմիկ Հարությունյանը ասաց՝ բաժանմունքի կարիքը խիստ զգացվում էր։

ՌԱզմիկ Հարությունյան.jpg (9.97 MB)

«Բաժանմունքը ստեղծվել է Կարմիր խաչի անմիջական միջնորդությամբ: Հիվանդները նախկինում անբարեկեցիկ պայմաններում էին սպասարկվում, հիմա պայմանները փոխվել են։ Այժմ ունենք շտապօգնության երեք ու ևս մեկ պահեստային մահճակալ»,- ասաց նա։ Բարեգործական միջոցներով բաժանմունքը նաև հագեցվել է նորագույն սարքավորումներով։

ARM_5637.jpg (11.89 MB)

Քաղաքը մասնագիտացված հիվանդանոց չունի, և դժվար է եղել սպասարկել առաջնագծում վիրավորում ստացած ու Ջերմուկ տեղափոխված զինվորներին։

Հարությունյանը կարևորեց նաև բժշկական կենտրոնի ստեղծումը, քանի որ շտապօգնության կետը չի կարող բոլոր դեպքերով զբաղվել և ստացիոնար բուժում տրամադրել: Բացի այդ, քաղաքում շատ զբոսաշրջիկներ կան, որոնք վնասվածքների դեպքում պետք է անհրաժեշտ բուժում ստանան։

  • Կիսվել: