հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սյունիքի մարզում վարորդը Nissan Skyline-ով բախվել է գազատարին. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Սյունիքի մարզում վարորդը Nissan Skyline-ով բախվել է գազատարին. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչ Բաղդասարյանը իր վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով Քաջարան-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով վարորդ Հ. Բաղդասարյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Ալեքսանյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ղազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: