կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտության հնարավոր էuկալացիայով. CNN

Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտության հնարավոր էuկալացիայով. CNN

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավոր էսկալացիայի կապակցությամբ, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ դրա տվյալների՝ հուլիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Վենսը և ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնն իրենց մտահոգություններն են հայտնել հակամարտության հնարավոր էսկալացիայի առնչությամբ։

«Քեյնը հանդիպման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործողության ընդլայնումն ավելի կսպառի զինամթերքի ամերիկյան պաշարները»,- նշում է CNN-ը։

Պենտագոնում աղբյուրը հեռուստաընկերությանը հաստատել է, որ գործողությունները կասեցված են։ Հայտնի չէ, թե հատկապես ինչն է դրդել ռազմական գերատեսչությանը դադար վերցնել Իրանին հարվածներ հասցնելու հարցում։

Ըստ CNN-ի տեղեկությունների՝ Պարսից ծոցի երկրները դիմել են ամերիկյան վարչակազմին՝ խնդրելով զսպվածություն ցուցաբերել Իրանի հետ հակամարտությունում։ Թրամփը մասնավոր զրույցում ամերիկացի բանակցողներին հանձնարարել է շարունակել շփումները Թեհրանի հետ, հայտնել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դիտարկում է Իրանի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսելու և Իրանի վրա զանգվածային հարձակում իրականացնելու հնարավորությունը։ Ավելի ուշ The New York Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը որոշել է հետաձգել հակամարտության էսկալացիան։

  • Կիսվել: