ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Սյունիքի մարզում КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Սյունիքի մարզում КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածին և վիրավորներին ձորից դուրս են բերել փրկարարները ՝ քաղաքացիների օգնությամբ: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մխիթարյանը ու մինչ նա վթարի վայրի զննություն էր կատարում, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը, որից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: