երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը

ՀՀ ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցել են «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային հանդիպմանը

2026 թվականի հուլիսի 14-16-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է «Գրիպի դեմ պատվաստումների ներդրման գործընկերություն» /Partnership for Influenza Vaccine Introduction/ (PIVI) նախաձեռնության Հարավարևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
 
Հայաստանից հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը և Իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը։
 
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են գրիպի, COVID-19-ի և շնչառական սինցիցիալ վիրուսի (RSV) կանխարգելման և վերահսկման արդիական ռազմավարությունները, պատվաստումների արդյունավետության բարձրացման, հիվանդության բեռի գնահատման, ինչպես նաև պատվաստումների ազդեցության և տնտեսական գնահատման հարցերը։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև պատվաստումների վերաբերյալ ապացույցահեն որոշումների կայացման, տնտեսական գնահատման և ազդեցության վերլուծության միջազգային փորձն ու լավագույն մոտեցումները, որոնք նպաստում են հանրային առողջապահության ոլորտում գիտական տվյալների վրա հիմնված որոշումների ընդունմանը և իմունականխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։

  • Կիսվել: