երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել  է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Օրերս ռուսական մամուլը գրել էր, որ հուլիսի 10-ից Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը, գրում է Արմենպրեսը:

Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի մասին է, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից։

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից մեզ տեղեկացրին, որ նախարարության ենթակայությամբ գործող Հավատարմագրման ազգային մարմնի կողմից դեռևս 2026 թվականի ապրիլի 21-ից է դադարեցվել «ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը:

««ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իր գործունեության ընթացքում խախտել է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջները (տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրման և սերտիֆիկացման ընթացակարգերը)։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով համապատասխանության գնահատման գործընթացների օրինականության ապահովումը, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան կիրառել է վերոնշյալ սերտիֆիկացման մարմնի նկատմամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները։ Ինչ վերաբերում է գրությամբ նշված «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, ապա տեղեկացնում ենք, որ «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումի հիման վրա 2024 թվականի հունվարի 18-ից դադարեցվել է նշված արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

  • Կիսվել: