կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում. Փաշինյան

Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում. Փաշինյան

Սյունիքի մարզում Նորավան-Որոտան-Շամբ ավտոճանապարհի՝ 7,9 կմ հատվածի անցանելիության ապահովման և ոլորանների պարամետրերի բարելավման աշխատանքներ են իրականացվում: Այդ մասին Կառավարության հունիսի 29-ի նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:

«Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է, ըստ էության, կառուցվում, որն արդեն ավարտական փուլին է հասել, և այս տարի անպայման կավարտենք, չէ՞, ինչը, դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո դեպի Իրանի Իսլամական Հանրապետության սահման տանող ճանապարհն անցնում էր Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց, միևնույն ժամանակ, այդ ճանապարհը լիարժեք, ըստ էության, ծառայեց այս ընթացքում: Մենք կարողացանք ապահովել այդ ճանապարհի գործունակությունը նաև այն բանի շնորհիվ, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախապես պլանավորված էր եղել: Իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, հընթացս որակի հետ կապված պրոբլեմներ առաջացան, բայց հաղթահարեցինք»,- ասաց Փաշինյանը:

Հետո որոշվեց երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ և Նորավան-Որոտան-Շամբ:

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց՝ Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունն ավարտված է. «Ամեն ինչ նորմալ է: Սա գործող ճանապարհ է, արդեն բարեկարգում ենք, հիմնանորոգում ենք»:

Փաշինյանը հավելեց. «Արդեն նորոգում ենք, որպեսզի ամբողջությամբ նոր մայրուղի ունենանք, որը, կարծում եմ, էականորեն, նկատելիորեն կրճատում է Կապանից և Մեղրիից դեպի Երևան եկող ճանապարհը, և արդեն կունենանք այլընտրանքային երկու ճանապարհ»:

  • Կիսվել: