շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն, շրջել է սրահում, տեղեկացել տեխնիկական հագեցվածությանը, կարողություններին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Կատարված աշխատանքները հավանեցի: Նախկինում էլ էի եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ` «Շիրակ» օդանավակայանը դառնալու է Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը: Օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները:

Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառ/մ մակերես, դուրս էր նորմերից և ուղևորների համար խնդիրներ էր առաջացնում, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները: Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։

Թռիչքուղին ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Թեև դրա ասֆալտապատ ծածկույթի կյանքի տևողությունը միջինում 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել էր 2007թ.: 14 տարվա շահագործման արդյունքում թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ: Կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ՛՛,-գրել է Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: