ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրվա առիթով դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը

Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրվա առիթով դուրս կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթի վանքի ուխտի օրն է:

Մայր Աթոռից հայտնում են, որ այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Սուրբ Շողակաթի վանք կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի  և Աթանագինե եպիսկոպոսի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը:

Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն:

Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում:

  • Կիսվել: