ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստորագրվել է հուշագիր՝ «Կադրերի պատրաստման ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին»

Ստորագրվել է հուշագիր՝ «Կադրերի պատրաստման ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին»

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության շրջանակում այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին» հուշագրի ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի, Բելառուսի Հանրապետության կրթության, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի, Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության, ՌԴ գյուղատնտեսության նախարարությունների միջև:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հուշագրի նպատակը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրների ճյուղերի՝ որակավորված կադրերի կարիքների հայտնաբերմանն ու բավարարմանն ուղղված համատեղ նախագծերի ու հետազոտությունների իրականացումն է, այդ թվում՝ գործարար համայնքի ներգրավմամբ:

Կրթության բնագավառում հուշագրի կողմերը կհամագործակցեն ագրոարդյունաբերական, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների (ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների), դասախոսների ակադեմիական շարժունության ապահովման և համատեղ կրթական ծրագրերի նախապատրաստման և ներդրման ուղղություններով՝ առավել պահանջված և հեռանկարային մասնագիտությունների գծով և կրկնակի դիպլոմի տրամադրմամբ:

Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում, ինչպես նաև կողմերի վրա որևէ ֆինանսական պարտավորություն չի դնում։

 

  • Կիսվել: