երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Քննարկում ԱԺ հանձնաժողովում՝ «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով

Քննարկում ԱԺ հանձնաժողովում՝ «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ և հեռանկարներ» թեմայով

2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության տասը տարին: Վերջին 5-6 տարիներին ՀՀ-ն գործել է արդյունավետ եւ միջազգային գործընկերների գնահատմամբ արձանագրվել է բավականին բարձր տնտեսական աճ:

Այս մասին ասել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Դեկտեմբերի 16-ին հանձնաժողովում տեղի է ունեցել «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում. արդյունքներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկում, որին մասնակցել են օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները:

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը նպաստել է նաեւ ՏՏ բարձր որակի ապահովմանը, ինչպես նաեւ միգրանտների ներհոսքին»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարեւորագույն օղակներից է:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի խոսքով նախորդ տասը տարիներին ԵԱՏՄ-ն կայացել է՝ որպես հաջողված ինտեգրացիոն միավորում: 2024 թվականի տասն ամիսների ընթացքում առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է տեղեկություններ ՌԴ-ում եւ Բելառուսում ռեզիդենտների մասնակցության վերաբերյալ:

ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել է, որ ֆինանսական միջնորդության ու ռեսուրսների հասանելիության տեսանկյունից «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել եւ վավերացվել է բոլոր երկրների կողմից:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ արտահանման, տնտեսության դիվերսիֆիկացիայի, Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների արտահանման դինամիկայի վերաբերյալ:

  • Կիսվել: