ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանավանում 22-ամյա տղայի Infiniti-ն փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերել Ձորագետից. ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա դին

Ստեփանավանում 22-ամյա տղայի Infiniti-ն փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերել Ձորագետից. ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա դին

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ստեփանավանի կամրջի տակ՝ Ձորագետում ավտոմեքենա կա և կան կասկածներ, որ այնտեղ հնարավոր է՝ քաղաքացիներ լինեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ: ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը: Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով և վերամբարձ կռունկի օգնությամբ Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից, որտեղ հայտնաբերվել է վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Մելսիկ Հովսեփյանի դին:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սերոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատակնիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր առավոտվանից մահացածին որոնում էին հարազատները, ընկերները, ոստիկանության Ստեփանավանի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:

  • Կիսվել: