Բաքվի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը լավ մշակված «փորձարկում» է. «Վերածնվող Հայաստան»
Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն ահաբեկել Արցախի մեր հայրենակիցներին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը: Այս մասին ասվում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության տարածած հայտարարությունում․
«Ադրբեջանական սադրանքներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածի վրա շարունակվում են: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ այսպես կոչված բնապահպաններ ու լրագրողներ նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Իբրև «բնապահպաններ» ներկայացողների գործողությունները, վրանների տեղադրման փորձերը, այդ սադրիչ գործողություններում կանանց ու երեխաներին ներգրավելը, նման մեծ ծավալով լրատվամիջոցների առկայությունը հերթական ապացույցն է նրա, որ գործ ունենք լավ մշակված, ծրագրված գործողության հետ՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի պատասխանատվության ներքո:
Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն ահաբեկել Արցախի մեր հայրենակիցներին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը: Ադրբեջանի այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով: Այն նաև Բաքվի կողմից լավ մշակված «փորձարկում» է, որտեղ դիմադրության ու համապատասխան արձագանքի բացակայությունը կընկալվի որպես կանաչ լույս՝ նման հանցավոր գործելաոճը շարունակելու համար, ընդ որում՝ ոչ միայն Արցախում:
- ՀՀ-ն` որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ, հանրությանը և աշխարհին տեսանելի անհապաղ քայլեր պիտի ձեռնարկի Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման, իրավունքների պաշտպանության նպատակով: Այս տեսանկյունից՝ տեսանելի պիտի լինի պաշտոնական Երևանի շատ արագ արձագանքն ու աշխատանքը միջազգային գործընկերների, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ՝ որպես 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կողմ և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետություն (բոլոր մակարդակներով՝ թե՛ պետությունների ղեկավարների, թե՛ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների):
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը` հատկապես, կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող կամ իրականացման հավակնություն ունեցող պետություններին ու կազմակերպություններին հետևել ու անհապաղ արձագանքել, հարկ եղած դեպքում՝ ապահովել անհրաժեշտ գործողություններ այն ամենի հետ կապված, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Ստեփանակերտ-Գորիս մայրուղում:
- Դիմում ենք մեր հանրությանը, Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու»։


