շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Զինվորականները փորձել են ապստամբություն բարձրացնել Նիամեյի բազայում. Նիգերի ՊՆ

Զինվորականները փորձել են ապստամբություն բարձրացնել Նիամեյի բազայում. Նիգերի ՊՆ

Նիգերի պաշտպանության նախարար, գեներալ Սալիֆու Մոդին հայտնել է, որ երկրի մայրաքաղաք Նիամեյում գիշերը միջադեպ է տեղի ունեցել, մասնավորապես՝ մի խումբ զինծառայողներ փորձել են ապստամբություն բարձրացնել առանցքային ռազմական բազայում: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նախարարը հայտնել է, որ զինվորականները խախտել են զինվորական կարգապահության պահանջները և փորձել են հանդես գալ 101-րդ բազայի սպաների դեմ, որը գտնվում է Դիորի Համանիի անվան միջազգային օդանավակայանի տարածքում։ Դրանից հետո նրանք կրակ են բացել մայրաքաղաքի մի քանի «զգայուն օբյեկտների» ուղղությամբ։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ այսօր՝ օգոստոսի 29-ին, գիշերը Նիամեյում լսվել են տևական փոխհրաձգություններ և պայթյուններ, այդ թվում՝ օդանավակայանի շրջանում և վարչական Պլատո թաղամասում, որտեղ գտնվում են նախագահական պալատը և այլ կարևոր պետական հաստատություններ։

Մոդին հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Միջադեպից հետո անվտանգության ուժերը տեղակայվել են օդանավակայանի շուրջ և Պլատո շրջանում, իսկ մայրաքաղաք տանող հիմնական ճանապարհներից մեկը փակվել է։

Զինծառայողների ապստամբության փորձի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

 

  • Կիսվել: