ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սպիտակի բժշկական կենտրոնը վերջին տարիներին հասցրել է վերազինվել ժամանակակից մի շարք սարքավորումներով․ Վարդուհի Սիսակյան

Սպիտակի բժշկական կենտրոնը վերջին տարիներին հասցրել է վերազինվել ժամանակակից մի շարք սարքավորումներով․ Վարդուհի Սիսակյան

 InfoPort.am-ը իր «Առողջապահություն» խորագրի ներքո շարունակում է մշտադիտարկումը մարզային բժշկական հաստատությունների գործունեության հանդեպ։ Այս անգամ մեր դիտակետում Սպիտակի բուժկենտրոնն է, իսկ բուժկենտրոնի գործունեության մասին մեր հարցերին պատասխանում է նրա տնօրեն՝ Վարդուհի Սիսակյանը։ 

Տիկին Սիսակյան, բնակչությունը հաճախ չի վստահում մարզային բկ-երին, գերադասելով է հավելյալ գումար և ժամանակ ծախսելով, մեկնել մայրաքաղաք ավելի որակյալ բուժօգնություն ստանալու համար: Այս համատեքստում Դուք, ղեկավարելով Սպիտակի հիվանդանոցը, կարողանո՞ւմ եք կոմպլեքս բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, որպեսզի պացիենտները մայրաքաղաքային հիվանդանոցներ դիմելու անհրաժեշտության առաջ չկանգնեն։ Մարզային իշխանություններից որևէ աջակցություն ստանում եք Բ\Կ-ի աշխատանքը ավելի ժամանակակից և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:  

-Նախ եւ առաջ թույլ տվեք չհամաձայնել Ձեր կողմից տրված գնահատականի հետ, թե իբր «բնակչությունը հաճախ չի վստահում մարզային ԲԿ-ներին»: Եթե խոսենք կոնկրետ Սպիտակի բժշկական կենտրոնի հանդեպ ազգաբնակչության վստահությունից, ապա դրա մասին վկայող շատ փաստեր կարելի է բերել՝ սկսած դիմելիության աճի վերաբերյալ ունեցած վիճակագրությունից, վերջացրած բնակչության կարծիքներից ու գնահատականներից, ինչն էլ թերեւս պարտավորեցնում է մեզ չբավարարվել եղածով եւ շարժվել առաջ՝ ապահովելով առողջ մրցակցություն:

Մարզային իշխանությունը՝ ի դեմս Լոռու մարզպետ, պարոն Արամ Խաչատրյանի եւ մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում բժշկական կենտրոնը, աջակցում ցանկացած նախաձեռնության, որը կլինի ի շահ ազգաբնակչության առողջության պահպանման: Ցանկացած խնդրի, որ բախվում է բժշկական կենտրոնը, մարզպետարանի առողջապահության վարչության պետի եւ մարզի ղեկավարի հետ միասին քննարկվում եւ ստանում է համապատասխան լուծում: Սրա հետ մեկտեղ՝ մարզային իշխանության կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի բժշկական կենտրոնը շարժվի ժամանակին համընթաց:

Բոլոր ժամանակներում մարզային բուժկենտրոններում խնդիրներ են եղել հատկապես դժվարամատչելի հետազոտությունների եւ բարդ վիրահատությունների հետ կապված։ Դուք, որպես Բ\Կ-ի տնօրեն, ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։ 

-Ուրախությամբ կարող ենք փաստել, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վերջին տարիներին հասցրել է վերազինվել ժամանակակից մի շարք սարքավորումներով, ավելացվել են նոր ծառայություններ: Դրանից ամենակարեւորը թերեւս բժշկական կենտրոնի կողմից  ամիսներ առաջ ձեռք բերված գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆն է, որը իր հզորությամբ ու ֆունկցիոնալությամբ եզակի սարք է:

Ի՞ նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում ԲԿ-ն վերազինելու, նոր մասնագետներ ներգրավելու առումով։

Սպիտակի բժշկական կենտրոնը, իր միջոցներով, տարբեր միջազգային ծրագրերով, ինչպես նաեւ  Առողջապահության նախարարության  աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր է կյանքի կոչելու առաջիկայում, որոնց մասին, Ձեր թույլտվությամբ, կխոսենք ավելի ուշ: Ներկա դրությամբ կարող ենք փաստել, որ Սպիտակի բժշկական կենտրոնը շարունակում է անել հնարավորն ու անհնարինը՝ ազգաբնակչության առողջոթյան պահպանման ուղղված անձնվեր աշխատանքում:

  • Կիսվել: