ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպիտակի բժշկական կենտրոնը գործում է արդեն գրեթե մեկ դար՝ 94 տարի

Սպիտակի բժշկական կենտրոնը գործում է արդեն գրեթե մեկ դար՝ 94 տարի

Infoport.am-ի «Առողջապահություն» խորագրի մարզային «արշավների» շարքում հաջորդ կանգառը Սպիտակի բուժկենտրոնն էր, որը սպասարկում է ոչ միայն Սպիտակ քաղաքը, այլ նաեւ տարածաշրջանի մի քանի տասնյակ համայնքները: Բուժկենտրոնի մատուցած ծառայությունների, խնդիրների, ձեռքբերումների և ապագա պլանների մասին զրուցեցինք   ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ:

-Տիկին Սիսակյան, նախ պատմեք «Սպիտակի» ԲԿ-ի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների մասին` հաճախ համայնքների բնակիչները չեն վստահում տեղական բկ-ներին և, տեղեկացված չլինելով այնտեղ գործող ծառայությունների մասին, դիմում են մայրաքաղաքի բկ-եր նմանատիպ ծառայություններ ստանալու համար:

-«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, որպես առողջապահական պետական հիմնարկ գործում է արդեն գրեթե մեկ դար՝ 94 տարի։ Այն  հիմնադրվել է 1928 թվականին: Այդ տարիների ընթացքում «Սպիտակ խալաթավորների բանակի» տարբեր տարիների սերունդների ներկայացուցիչներ պատվով են կատարել իրենց վրա դրված պարտականությունները։ Իսկ ահա  1988թ նրանք փառավոր էջեր գրեցին  երկրաշարժի հետևանքների վերացման և մարդկային կյանքեր փրկելու գործում, երբ հիվանդանոցի շենքն ամբողջովին ավերվել էր, իսկ բժիշկների և անձնակազմի մի մասը զոհվել։ 1989թ հոկտեմբերին նորվեգացիները կառուցել և շահագործման են հանձնել բուժմիավորման նոր շենքը:

Իսկական սխրանք կարելի է համարել մեր կենտրոնի կողմից թագավարակի դեմ ծավալած պայքարը։ Մեր կողմից իրականացված կազմակերպչական հսկայածավալ աշխատանքների, բժշիկների, միջին բուժաշխատողների, սպասարկող անձնակազմի նվիրական ու անձնազոհ գործունեության  շնորհիվ առողջացան ու ապաքինվեցին հանրապետության տարբեր բնակավայրերի տասնյակ հարյուրավոր կորոնավարակակիրներ։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից` ուզում եմ հրապարակավ շնորհակալություն հայտնել թագավարակի դեմ պայքարին ներգրավված բոլոր գործընկերներին։

«Սպիտակի Բժշկական Կենտորն» ՓԲԸ-ում գործում է  թերապևտիկ բաժանմունք որտեղ բուժվում են կենտրոնական նյարդային համակարգի, ալերգիկ, անոթային, գաստրոէնտերոլոգիական, էնդոկրինոլոգիական  նևրոլոգիական, շնչառական համակարգի, ռևմատոլոգիական, սրտաբանական  հիվանդություններ։ Կա վիրաբուժական բաժանմունք, որտեղ մատուցվում են ընդհանուր վիրաբուժական ծառայություններ, ինչպես նաև  ակնաբուժության, անոթային վիրաբուժության,ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջաբանության, անէսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքներ։

Ունենք ախտորոշիչ բաժանմունք, որտեղ իրականացվում է սիրտ-անոթային հետազոտություն, էլեկտրոսրտագրություն, էխո-սրտագրություն, հոլտեր-մոնիտորինգ, տրեդմիլ-թեսթ, Էնդոսկոպիկ հետազոտություն, ֆունկցիոնալ և գործիքային ախտորոշում, կլինիկական լաբորատոր հետազոտություն։ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ունի հետեւյալ ստորաբաժանումները' ինֆեկցիոն , ընդհանուր սոմանտիկ , մանկաբարձագինեկոլոգիական  բաժանմունքներ, շտապ օգնության ենթակայան , ամբուլատոր - պոլիկլինիկական ծառայություն։

-Փաստացի ԲԿ-ն շատ բազմապրոֆիլ և բազմաֆունկցիոնալ ծառայություններ է առաջարկում պացիենտներին...Ի՞սկ վերջին տարիներին ինչ նորամուծություններ եք արել: 

-Վերջին տարիներին կենտրոնը ունեցել է որոշակի ձեռք բերումներ և հաջողություններ։ Այսպես՝ թարմացվել և ձեռք է բերվել լաբորատորիայի համար ավտոմատ կենսաքիմիական ապարատ,  թվային ռենտգենով համալրվել է  հիվանդանոցը և պոլիկլինիկան, վիրաբուժական բաժանմունքի համար ձեռք է բերվել լաբորասկոպ, որի միջոցով կատարվում են լայն սպեկտրի վիրահատություններ, ամբողջությամբ փոխվել է հիվանդանոցային գույքը, քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունը համալրվել է վերջին սերնդի ֆիբրոլարինգոսկոպով։ Գործում է մարզային ակնաբուժական կենտրոնը, որտեղ ամեն տարի 800-1000 բուժառու է վիրահատվում։ Մեր ձեռքբերումներից է նաև փորձառու մասնագետներով ԲԿ-ի համալրումը, որոնք մեր բնակիչներին մատուցում են միջազգային ստանդարտներին համապատասխան բուժօգնություն։

 

-Ի՞ նչ նոր երկարաժամկետ ծրագրեր ունի ԲԿ-ն, միտված նրան որպեսզի բնակիչների հոսքը դեպի Երեւանյան հիվանդանոցներ նվազեցնի:

-«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ամենօրյա հետևողական և ծրագրավորված աշխատանքներ է տանում կենտրոնի նյութատեխնիկական բազան հարստացնելու, նոր տեխնոլոգիաների ներդրման, ժամանակակից գործիքների և սարքավորումների ձեռք բերման , առաջավոր փորձի արմատավորման ,  որակյալ մասնագետներով համալրման ուղղությամբ։ Այդ ծրագրերի շրջանակներում վերջերս ՀՀ առողջապահության նախարարության անմիջական նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պոլիկլինիկային նվիրաբերեց վերջին սերնդի թվային ռենտգեն։ Առաջիկայում նախատեսվում է համակարգչային տոմոգրաֆի ձեռքբերումը։ Այս ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա բնակչությանը հրատապ բուժում պահանջող բազմաթիվ հիվանդություններ բուժել մեր կենտրոնում, նրանց զերծ պահելով բուժման համար մայրաքաղաք մեկնելու նպատակով ավելորդ ֆինանսական ծախսերից և այլ դժվարություններից։\

No description available.

-Տիկին Սիսակյան, հաճախ համայնքային բուժհաստատությունները մայրաքաղաքից հեռու լինելու պատճառով պատշաճ ուշադրության չեն արժանանում կենտրոնական իշխանությունների կողմից, այս առումով ձե՞ զ մոտ ինչպես է, ստացվում է արդյունավետ համագործակցել հանրապետական և մարզային իշխանությունների հետ, նրանց կողմից արձագանք ձե՞ ր բարձրացված խնդիրներին լինում է:

-Սպիտակի բժշկական կենտրոնը սերտորեն համագործակցում է վերադաս մարմինների՝ ՀՀ առողջապահության նախարարության , Լոռու մարզպետարանի և այլ գերատեսչությունների հետ։ Մշտապես զգացել ենք Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության աջակցությունը՝ մեր կողմից բարձրացված հարցերին օպերատիվորեն արձագանքելու և ընթացք տալու գործում։ Առանձնապես ուզում եմ երախտիքի խոսքեր ասել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հասցեին, ով մեր կողմից բարձրացված խնդիրներին մինչև հիմա տվել է դրական ընթացք։ Համավարակի ընթացքում պարոն Խաչատրյանը գրեթե ամենօրյա  անմիջական կապի մեջ է եղել մեզ հետ, բոլոր ծագած խնդիրներին լուծում տվել, հաճախ անհնարին թվացող եղանակներով:

No description available.

  • Կիսվել: