ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Սոթքում թշնամու կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են․ մանրամասներ՝ վիրավորի առողջական վիճակից

Սոթքում թշնամու կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են․ մանրամասներ՝ վիրավորի առողջական վիճակից

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը, քիչ առաջ «Ազատությանը» տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Տվյալ դեպքում աշխատակիցը գտնվում է հոսպիտալում և բժիշկները իրավիճակը գնահատում են կայուն», - ասաց Գրիգորյանը:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք ու սահմանային այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց հանքի ուղղությամբ դեռևս կրակում են:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից փոխանցում են՝ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը.

«Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:

  • Կիսվել: