շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սկսել են հակաճգնաժամային 4-րդ և 6-րդ միջոցառումների շահառուների վճարումները

Սկսել են հակաճգնաժամային 4-րդ և 6-րդ միջոցառումների շահառուների վճարումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ արդեն սկսել են հակաճգնաժամային 4-րդ և 6-րդ միջոցառումների շահառուների վճարումները։ Բաթոյանը տեղեկացրեց նաև, որ արդեն գործարկվել է կայքը, որտեղ մտնելով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը։

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով տվյալները՝ հնարավոր է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել-չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում երևում է նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է շահառուի համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:

Նախարարի խոսքով՝ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրվի, այն կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

Բաթոյանը նշեց, որ ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է: Ուստի, իր տվյալները ցանկում չգտնելու պարագայում կարելի  է փորձել դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:

  • Կիսվել: