հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սխալ է այն ըմբռնումը, թե համաճարակի դեմ պետք է պայքարի առողջապահական համակարգը. վարչապետ

Սխալ է այն ըմբռնումը, թե համաճարակի դեմ պետք է պայքարի առողջապահական համակարգը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, սխալ է այն ըմբռնումը, որ համաճարակի դեմ պետք է պայքարի առողջապահական համակարգը:

Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նա ասաց. ՛՛Հայաստանում դեռևս ընկալում կա, որ համաճարակի դեմ պայքարում է ու պետք է պայքարի առողջապահական համակարգը: Սա իրականում սխալ, թյուր ըմբռնում է՛՛:

Ըստ վարչապետի՝ առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի հետևանքների դեմ. Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Առողջապահական համակարգի խնդիրը բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին բուժելն է: Համաճարակի դեմ իրական պայքարը տեղի է ունենում փողոցներում, բակերում, հասարակական տրանսպորտում, խանութներում, ամենուր: Այդ պայքարը պետք է տեղի ունենա առողջապահական համակարգից դուրս: Մենք համոզված ենք, որ այդ պայքարն արդյունավետ կլինի, եթե ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրն իր փոքրիկ լուման դնի դրա մեջ՛՛:

Նա հավելեց նաև, որ  որ չեն կարող ամեն քաղաքացու կողքը մեկ ոստիկան կանգնեցնել, ոստիկանությունը չի կարող 3 միլիոն մարդու վերահսկել, միակ ձևը մնում է կոմունիկացիան, երկխոսությունը, ինչպես նաև վարչական մեթոդների խստացումը՝ հնարավորության սահմաններում: ՛՛Պատկերացրեք, որ մի մարդ պետք է լուծի այս խնդիրը, և այդ մարդը մեզանից յուրաքանչյուրն է: Պետք է պահել երեք կանոնները՛՛,-նշեց վարչապետը:

 

  • Կիսվել: